Lragir.am-ը գրում է. Ուկրաինական բանակի ռազմական հաջողությունների եւ մոբիլիզացիայի ու ուկրաինական տարածքների անեքսիայի Պուտինի հրամանագրերից հետո Ռուսաստանի ներիշխանական շրջանակներում լուրջ իրարանցում է սկսել։ Ավելի ճիշտ, դա վաղուց է, հիմա դուրս է գալիս ջրի երես։ Ռուսաստանում ավանդական՝ մեղավորների փնտրտուքից զատ, այս անգամ Կրեմլի կլեպտոկրատների առջեւ հառնել է սեփական կաշին փրկելու խնդիրը։ Նրանցից շատերը սկսել են հնարավոր բոլոր ալիքներով տարածել, որ իրենք կապ չունեն պատերազմի, պուտինյան որոշումների հետ։ Խոսքը ոչ միայն չինովնիկների, այլեւ Կրեմլի պրոպագանդոնների մասին է, որոնք տասնամյակներ շարունակ քարոզում են կայսերական-ֆաշիստական գաղափարներ, հընթացս ռուս հանրությանը վերածելով դեգրադացված բիոզանգվածի։
Այս իրավիճակի «մեկնարկը» դարձան Չեչնիայի առաջնորդ Կադիրովի եւ Վագներ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Պրիգոժինի սկանդալային հայտարարությունները Լիմանում ռուսական բանակի խայտառակ պարտությունից հետո։ Կադիրովը դաժան քննադատության ենթարկեց ռուսական բանակի ղեկավարությանը։ Շատերը նրա խոսքերի մեջ նկատել են նաեւ հեգնանք եւ ակնարկ չեչենական երկու պատերազմներում ռուսական բանակի խայտառակ պարտության վերաբերյալ, որից հետո Չեչնիան փաստացի անկախ պետություն է, որին Ռուսաստանը մինչ այժմ հսկայական ռազմատուգանք է վճարում ՌԴ կազմում նրա ֆորմալ ներկայության դիմաց։
Ռուս փորձագետները նշում են, որ Ռուսաստանում իրադարձությունների անխուսափելի զարգացման պարագային Կադիրովը երկու տարբերակ է մտմտում՝ անկախ Իչկերիա, կամ ՌԴ ֆեդերալ որեւէ բարձր պաշտոն, օրինակ՝ պաշտպանության նախարար, քանի որ Պուտինի ռեժիմի անկումից հետո նա թիրախ կդառնա թե ռուս ուժայինների, թե չեչենների այն մասի համար, ովքեր տուժել են Կադիրովի գործողություններից։
Մյուս հատկանշական հայտարարությունն արեց Մարգարիտա Սիմոնյանը, արդարանալով իր քարոզչական գործունեության համար եւ այն «առանձնացնելով» Կրեմլի քաղաքականությունից։ Ես հայրենիքիս ու ժողովրդիս եմ ծառայում, ասել է նա։ Ի դեպ, հենց այդպես էին Նյուրնբերգում արդարանում ֆաշիստական ռեժիմի շատ ներկայացուցիչներ։
Կադիրովի եւ Սիմոնյանի սկանդալային հայտարարությունները փորձագետները համարում են Ռուսաստանի ներիշխանական շրջանակներում սկսած գործընթացների եւ դաժան պայքարի վկայություն։