Լիմանի մոտ կրած պարտությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով, ըստ տեղեկությունների, անձամբ է ղեկավարում տեղում ռուս հրամանատարներին, առաջնահերթ չի համարում Լուգանսկի շրջանի պաշտպանությունը՝ կենտրոնանալով Ուկրաինայի հարավում օկուպացված տարածքները պահելու վրա: Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) ամենօրյա զեկույցում։
Ուկրաինական և ռուսական աղբյուրները նշում են, որ ռուսական զորքերը շարունակել են ամրապնդել իրենց դիրքերը Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում՝ չնայած Խարկով-Իզյում ճակատի փլուզմանը և նույնիսկ այն փաստին, որ Լիմանի շուրջ ռուսական պաշտպանությունը փլուզվել է։
Կուպյանսկի և Լիմանի շրջակայքում խոցելի ճակատային գծերը չամրացնելու որոշումը Պուտինի որոշումն էր, ոչ թե ռազմական հրամանատարության, ասում են ISW փորձագետները: «Սա խոսում է այն մասին, որ Պուտինը ավելի շատ է մտածում Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ռազմավարական տարածքների պահպանման մասին, քան Լուգանսկի շրջանի մասին»,- գրում են նրանք։