Մոլորեցրել են հակառակորդին ու դուրս եկել շրջափակումից, ոչնչացրել են թշնամու մեծաթիվ ուժեր. նոր հերոսական դրվագներ

Ինչպես նախորդ պատերազմներում, սեպտեմբերի 13-ին իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ էլ հայ զինծառայողներն աչքի են ընկել բացառիկ խիզախությամբ ու մարտական քաջությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է դրանցից մի քանիսը:

Այսպես. 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ, N մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տարոն Մհերի Գալոյանը, ճշգրիտ ուղղորդելով հրետանու կրակը, կասեցրել է թշնամու առաջխաղացումը, կրակային աջակցություն ցուցաբերել հարևան դիրքերին: Մարտական դիրքի անձնակազմը պարբերաբար ճշգրիտ նշանացուցում է տվել հրաձգային գումարտակի ականանետային մարտկոցին՝ թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով, որի արդյունքում հետ են շպրտել հարձակվող գրոհային խմբերը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:

Մարտական դիրքի անձնակազմը հմուտ ու վստահ գործողություններով ոչնչացրել է հակառակորդի զինամթերքի պաշարները, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Հովհաննես Ռոբերտի Հարությունյանը «ԿՈՐԴ» տեսակի գնդացրով դիպուկ կրակով ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժն ու ամբողջությամբ այրել թշնամու հենակետը:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումների նախահարձակ գործողությունների ընթացքում, N զորամասի դիվիզիոնի Դ-30 հրետանային մարտկոցը՝ կապիտան Արկադի Իշխանի Բարսեղյանի հրամանատարությամբ, զբաղեցրել է կրակային դիրքեր, անցել մարտական խնդրի կատարմանը և հակառակորդի կրակը վերցնելով իր վրա՝ ապահովել մյուս ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրից անվտանգ դուրսբերումը դեպի կիրառման շրջաններ, տեղաշարժն ու բացազատումը:

Ռազմական գործողությունների ընթացքում հրետանային մարտկոցը դիպուկ կրակով բազմիցս կասեցրել է թշնամու գրոհային խմբերի և ռազմական տեխնիկայի առաջխաղացումը, ճնշել հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ:

2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, հակառակորդը մեծաթիվ ուժերով շրջափակման մեջ է վերցրել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկը և անձնակազմից պահանջել վայր դնել զենքերը ու հանձնվել: Դասակի հենակետի պատասխանատու, լեյտենանտ Գևորգ Կարենի Հարությունյանն ու դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրայր Ապրեսի Ներկարարյանը, գնահատելով իրավիճակն ու չենթարկվելով թշնամու պարտադրանքին, խելամիտ և հմուտ գործողություններով հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից:

2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում՝ տանկային և հրետանային ուժգին գնդակոծությունից հետո, թշնամին պաշտպանության գոտու N մարտական դիրքի աջ և ձախ ուղղություններով գրոհ է ձեռնարկել: Գնահատելով իրավիճակը՝ մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևի հրամանատարությամբ անձնակազմը խելամտորեն իրականացրել է խուսավարում և զուգահեռաբար վերադաս հրամանատարությանն է փոխանցել նրանց կոորդինատները, ինչի արդյունքում մեր հրետանին դիպուկ համազարկերով ոչնչացրել է թշնամուն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com