Lragir.am-ը գրում է. Բաքվում տեղի է ունեցել այսպես կոչված Գյոյչա-Զանգեզուրի հանրապետության ստեղծման արարողությունը։ Ըստ նախաձեռնողների՝ «հանրապետությունը» ստեղծվելու է ՀՀ տարածքում, այդ շրջաններից գաղթած թուրքերը պետք է հանրաքվե անցկացնեն, հինգ տարի անց՝ ընտրություններ։
Այսպիսով, Բաքվում փորձում են «օրինականացնել» 2020-ի նոյեմբերի 9-ից հետո տարածքային նվաճումները ռուսների առաջնորդությամբ։ Սահմանազատման, Հայաստանի խորհրդային սահմանների և «սուվերեն տարածքի» վերաբերյալ ՀՀ իշխանությունների բարբաջանքներին Մոսկվան հակադարձում էր կտրուկ՝ դուք ոչ սահման ունեք, ոչ էլ տարածք։
Այսպես կոչված Մոսկվան ու Բաքուն շարունակում են գործել համակարգված ու համաձայնեցված։ Գյոյչա-Զանգեզուրի հանրապետության հանրաքվեն ներդաշնակ է Ուկրաինայում օկուպացված շրջաններում հանրաքվեներ անցկացնելու ՌԴ մտադրության հետ։ Հայաստանում երևի քչերն են մնացել, ովքեր չեն տեսնում Հայաստանի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի արշավի կապը և Բաքվի գործառույթները։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևան այցից հետո ՌԴ պաշտոնական շրջանակներն ու ոչ պաշտոնական խոսնակներն արդեն դա չեն էլ թաքցնում, թաքցնելն արդեն անիմաստ է։ Մոսկվան արագացնում է Կովկասից հեռանալու և Հայաստանը թուրքերին հանձնելու իր պլանները։ Մասնակի մոբիլիզացիայի հայտարարումը Ռուսաստանում դրա վկայությունն է։ Բաքվի բոլոր քայլերը ծրագրվում ու առաջնորդվում են Մոսկվայից։ ՀՀ տարածքի հանդեպ հավակնությունները շարունակական են լինելու։ Ռուսաստանից ածանցյալ Հայաստանն այլ «ապագա» չի կարող ունենալ։