Ապրիլի 13-ից 17-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է մտադիր անել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալն է:
Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին հանրահավաքներ է անելու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ըստ ամենայնի՝ խոստացված համազգային անհնազանդությունը իրագործելու համար:
Ապրիլի 2-ից մինչև ապրիլի 20-ը Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնելու «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Ճակատի օրակարգը մոտավորապես նույնն է:
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել բոլոր այս հայտերը: Նախկինում, օրինակ, քաղաքապետարանն ինքն էր «ամրագրում» հրապարակն այս կամ այն միջոցառումների համար, բայց հիմա չի մերժել ոչ մեկին:
Այս երեք ուժերն իրար հետ տարաձայնություններ ունեն, նրանց ներկայացուցիչները երբեմն կոշտ գնահատականներ են տալիս միմյանց: Արդյոք Ազատության հրապարակում «բախում» կլինի, եւ ինչպես են իրար մեջ «կիսելու» կամ տարանջատելու Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարից դժգոհ ցուցարարներին, եթե նրանք գան հրապարակ: Իսկ սա անհավանական չի թվում, հաշվի առնելով նրանց միջեւ կոշտ հակասություններն ու հռետորաբանությունը:
Կարողանալո՞ւ են «հերթ» սահմանել, թե ասենք այս ինչ ժամին գալիս են ՔՊ դժգոհները, այսինչ ժամին՝ ԵԾ դժգոհները, այսինչ ժամին էլ՝ Ճակատի: Համենայնդեպս, շարքային ցուցարարին, ով չի հարում որեւէ ուժի, բավական դժվար է լինելու հասկանալ, թե իրենից ինչ են ուզում. Օրինակ, մեկը կարող է զինված ապստամբության կոչ անել, մյուսը՝ անհնազանդության, երրորդը՝ խաղաղ ակցիաների:
Ըստ ամենայնի, իշխանությունը հենց այս հանգամանքն է նկատի ունեցել, երբ չի մերժել ոչ մեկին, կամ ինքը հերթ չի սահմանել:Ազատության հրապարակը վաղուց դարձել է ընդդիմադիր շարժումների պարտության հանգրվան ու խորհրդանիշ: Ի՞նչ կլինի այս անգամ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am