Առանձին լրատվամիջոցներ հղում կատարելով ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2022թ. առաջին յոթ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալներին՝ ներկայացրել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրությամբ հանցավորության ընդհանուր էական աճի պատկեր՝ այդ թվում արձանագրելով սպանությունների շուրջ 5 անգամ աճ:
Հաշվի առնելով, որ վիճակագրության զուտ թվային տվյալների նման պարզ վերարտադրումը կարող է թյուր կարծիք ձևավորել հանցավորության ընդհանուր վիճակի անոմալ վատթարացման, հետևաբար նաև՝ հանրապետությունում հանցավորության վիճակի վերահսկելիության վերաբերյալ՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:
Արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է մի շարք այնպիսի նոր հանգամանքներով, որոնք առավելապես պայմանավորված են քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ:
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքի բերումով առերևույթ հանցագործության դեպքերի լուծման ընթացակարգն էապես փոխվել է: Վերացել է նյութերի նախապատրաստման փուլը, և ցանկացած այնպիսի հաղորդման կապակցությամբ, որով փաստվող դեպքին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, նախաձեռնվում է քրեական վարույթ և իրականացվում նախաքննություն:
Նման կարգավորումների պայմաններում բոլոր այն իրավիճակներում, որոնցով նախկինում նախապատրաստվել են նյութեր, այժմ նախաձեռնվում են քրեական վարույթներ:
Արդյունքում, օրինակ, եթե նախկինում նախապատրաստվում էին նյութեր և բռնի մահվան վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում էր քրեական գործ հարուցվում, ապա այժմ բոլոր այդ դեպքերով անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում նախաձեռնվում է քրեական վարույթ գլխավորապես առերևույթ սպանության դեպքի կապակցությամբ և իրականացվում է նախաքննություն:
Որպես նշվածի հիմնավորում, փաստենք, որ 2022 թվականի առաջին յոթ ամիսների տվյալներով ՀՀ ոստիկանության կողմից արձանագրված սպանության դեպքերի թիվը կազմել է 163, որոնցից 134-ը կամ 82.2%-ը հանկարծամահության դեպքր են, իսկ միայն 29-ը՝ այնպիսի դեպքեր, որոնցով նախկին կարգավորումների պայմաններում քրեական գործը հարուցվում էր սպանության դեպքի առթիվ:
Որպես վերը նշվածի հիմնավորում նշենք նաև, որ մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճել են 70.6 %-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 163-ով կամ 90.6%-ով / 180-343/: Փաստորեն՝ առանձնապես ծանր հանցագործությունների ավելացած 163 դեպքից միայն 134-ը կամ 82.2%-ը հենց հանկարծամահություն հանդիսացող դեպքերն են, որոնցով վարույթ է նախաձեռնվել սպանության դեպքի առթիվ:
Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առերևույթ իրական սպանության դեպքերի թիվը հակառակը՝ նվազել է 4-ով կամ 12.1 %-ով: Սպանության փորձի դեպքերի թիվը նույնպես նվազել է 5-ով կամ 17.2%-ով /29-24/, ինչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է 2022թ. օգոստոսի 30-ին հրապարակած հաղորդագրությամբ:
Բացի այդ 2021 թվականի օգոստոսի 30-ից ՀՀ քրեական նախկին օրենսգրքում ավելացել էր նոր հանցատեսակ՝ նախատեսված 137.1 հոդվածով, որն էականորեն ազդել է հանցավորության վիճակն արտացոլող թվական ցուցանիշների վրա:
Մասնավորապես, նշված հոդվածով արձանագրված դեպքերի թիվը 2022 թվականի առաջին յոթ ամիսներին կազմել է 1160, մինչդեռ 2021 թվականի 1-ին յոթ ամիսներին օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող նույնանման արարքները, փաստորեն, քրեականացված չեն եղել:
Որպես վերը նշվածի հիմնավորում՝ փաստենք, որ տվյալ հանցատեսակի հաշվին են նաև ավելացել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը. աճը կազմել է 1562 կամ 70.6 % /2211-3773/, որից 30.7 %-ը միայն կազմել են 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված դեպքերը:
Այսինքն հանցագործությունների շարժընթացում չեն արձանագրվել էական այնպիսի փոփոխություններ կամ շեղումներ, որոնք կարող էին ազդել հանցավորության և իրավակարգի ընդհանուր վիճակի վերահսկելիության վրա, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: