Պահպանողական գործարար Կոնստանտին Մալոֆեևն իր Տելեգրամ ալիքում հրապարակել է Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը դստեր մահվան կապակցությամբ, գրում է BBC-ն։
Դուգինը հայտնել է, որ իր դուստրը՝ Դարիան մահացել է «ուկրաինական նացիստական ռեժիմի կողմից իրականացված ահաբեկչության արդյունքում»։
«Ռուսաստանի թշնամիները ստոր, գաղտագողի սպանեցին նրան: Բայց մեզ՝ մեր ժողովրդին, չեն կարող կոտրել նույնիսկ նման անտանելի հարվածները: Նրանք արյունալի սարսափով ուզում էին ջախջախել մեր կամքը մեզանից լավագույնների և ամենախոցելիների նկատմամբ: Բայց նրանք չեն հասնի իրենց նպատակին։ Մեր սրտերը ձգտում են ավելիին, քան պարզապես վրեժխնդրությունը կամ հատուցումը։ «Սա չափազանց մանր է: Մեզ միայն մեր Հաղթանակն է պետք: Աղջիկս իր կյանքը դրեց դրա զոհասեղանին: Այսպիսով, հաղթեք, խնդրում եմ: Մենք ուզում էինք նրան մեծացնել որպես խելացի աղջիկ և հերոս: Նա հիմա էլ սխրանքի է ոգեշնչում մեր հայրենիքի որդիներին», ասել է Դուգինը:
Ուշագրավ է, որ ռուսական աշխարհի գաղափարախոս, Ուկրաինայի դեմ «իսկական պատերազմի» ջատագով Դուգինի դստեր մահվանից հետո ռուսական համացանցում, Կրեմլի ու հատուկ ծառայությունների հետ կապվող ալիքներում քննարկվում էր այն տարբերակը, որ սպանության պատասխանատվությունը դրվելու է ուկրաինացիների վրա, եւ հենց ինքը Դուգինը աջակցելու է այդ վարկածին` դստեր մահը ներկայացնելով որպես «սրբազան զոհաբերություն հանուն ռուսական հաղթանակի» թեզով։ Այդ կանխատեսումը փաստորեն իրականանում է։ ՌԴ ՖՍԲ-ն շատ արագ «բացահայտել է ուկրաինական հետքը», որից հետո Դուգինը հայտարարություն է արել։ Ուկրաինական կողմը հերքում է որեւէ առնչություն եւ դա կապում է ռուսական վերնախավի ներսում խմբավորումների պայքարի հետ, մասնավորապես՝ Ուկրաինայում հրադադարի եւ պատերազմը հաղթական ավարտի հասցնելու կողմնակիցների միջեւ։