The Washington Post թերթը հետախուզությունների բացահայտումների հիման վրա հոդված է հրապարակել, որում խոսվում է այն մասին, թե ինչպես են տարիներ շարունակ ռուսական հատուկ ծառայություններն իրենց գործակալներին ներդրել Ուկրաինայում, որոնք բնակություն են հաստատել այնտեղ։ Նրանց խնդիրը եղել է հավաքագրումները պետական կառավարման համակարգում, ուժային բլոկում, ուկրաինական հասարակության տրամադրությունների մասին տեղեկությունների փոխանցումը։ Իսկ ռուսական բլից-կրիգի հաջողությունից հետո նրանք մի շարք սպանություններ պետք է կատարեին՝ Կիեւում խամաճիկ կառավարության հաստատումով։
Փորձագետները կարծում են, որ ներկայում ուկրաինական ճակատում անհաջողությունների ու խոշոր կորուստների կապակցությամբ Ռուսաստանի ուժային բլոկի ներքին սուր հակասությունները եւ մեղավորների փնտրտուքը կապված է հենց այդ գործակալական ցանցի գործունեության հետ, ինչը չի բացառում նաեւ տեղեկությունների արտահոսքը։ Նշվում է, որ բլից-կրիգի որոշումն ընդունվել է գործակալների տրամադրած տեղեկատվության հիման վրա, ըստ որի՝ Կիեւը չի դիմադրելու, իսկ ուկրաինական հասարակության մեջ մեծ են ռուսամետ տրամադրությունները։
Պատերազմական գործողություններին զուգահեռ, Ուկրաինայում բացահայտում եւ վնասազերծում են ռուսական գործակալներին, սկսած պետական ապարատից մինչեւ դիվերսիոն խմբեր։ Իր հերթին, լայն ծավալի հետաքննություններ են սկսել միջազգային լրագրողական խմբերը, որոնք փորձում են բացահայտել ռուսական նմանատիպ ցանցերը Եվրոպայում, որոնք սկիզբ են առնում դեռ խորհրդային շրջանից։ Ըստ Bellingcat-ի հետաքննողների՝ կազմվում են ցուցակներ, որոնցում ներգրավված են նաեւ պետական հայտնի գործիչներ՝ ընդհուպ ղեկավարների մակարդակով։
Չի բացառվում, որ հենց այս նպատակին է ուղղված վերջին շրջանում Եվրոպայում քննարկվող, առանձին երկրներում արդեն իսկ ընդունված՝ ռուսաստանցիներին մուտքի վիզաների սահմանափակումը։
Ուկրաինական պատերազմում ՌԴ ռազմական, իմիջային անհաջողությունները «հեշտացրել» են հետաքննությունը։ Պուտինի համար իր պայմաններով հրադադարը հիմա կյանքի ու մահվան խնդիր է, եւ նա էներգետիկ, պարենային եւ միջուկային շանտաժին զուգահեռ գործի է դրել ագենտուրան արեւմտյան երկրներում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գնված հեղինակներ, զլմ-ներ, ձախական շարժումներ, միջազգային կազմակերպություններ եւ այլն, որոնց Ռուսաստանը շռայլ ֆինանսավորում է։ Նրանց խնդիրը ռուսական շանտաժը արեւմտյան հանրություններում «տեղայնացնելն է» սպասվող սարսափելի հետեւանքների, կենսամակարդակի ու տնտեսության անկման, Պուտինի հետ համաձայնության հասնելու, նրա դեմքը պահելու անհրաժեշտության վերաբերյալ հրապարակումներով եւ ելույթներով, փորձելով ազդել հասարակական կարծիքի վրա։
Հետաքննությունների ալիքը կհասնի՞ Հայաստան։ Թեեւ, այստեղ ամեն ինչ մակերեսին է՝ Հայաստանի պետականության վերացմանն ուղղված ռուսական քաղաքականությունն արդարացնողները գործում են բացահայտ։ Հետաքննողներին մնում է բացահայտել ֆինանսավորման սխեմաներն ու մի շարք «նրբություններ»։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am