Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը ծրագրում է մեկնել Հարավարևելյան Ասիա և հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերին՝ Ինդոնեզիայի Բալի կղզում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովի կամ Բանգկոկում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, և լինել առաջին դեմ առ դեմ հանդիպումը Բայդենի երդմնակալությունից հետո:
Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ երկու առաջնորդները քննարկել են հնարավոր դեմ առ դեմ հանդիպումը վերջին հեռախոսազրույցի ժամանակ և պայմանավորվել են, որ իրենց թիմերը կկապվեն մանրամասների համար:
Փորձագիտական հանրությունը գտնում է, որ Բայդեն-Ծինփին հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կարող է լինել Ռուսաստանի հարցը, որին Չինաստանը աջակցում է հռետորաբանության մակարդակում, գրեթե անվճար ներկրում է ռուսական հումքը եւ դադարեցնում է իր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում։ Խոսք չկա ռազմական օգնության մասին, թեեւ Մոսկվան մեծ հույսեր էր կապում դրա հետ։ Չինաստանը կանգնած է տնտեսական լուրջ խնդիրների առաջ, եւ ԱՄՆ հետ համագործակցությունը Պեկինի համար առանցքային նշանակություն ունի։
Փորձագետների գնահատմամբ, ԱՄՆ-Չինաստան համաձայնությունների գինը կարող է լինել Ռուսաստանը, շատերն ավելի հեռուն են գնում եւ նշում, որ Վաշինգտոնն ու Պեկինն արդեն համաձայնության են եկել Ռուսաստանի հաշվին։ Սին իշխանությունը պահպանելու խնդիր ունի, եւ ԱՄՆ հետ համաձայնությունները հնարավորություն կտան հաղթահարել որոշակի խնդիրներ։