Էրդողանը հիմար մարդ չէ, Սոչիում նա համաձայնեց Պուտինի հետ՝ Ուկրաինային խաղաղություն հարկադրելու հարցում, թուրքական կողմը հայտարարություններ է անում, որ Արեւմեւտքը պետք է լսի Պուտինին, որ Պուտինի դեմքը պետք է պահպանել եւ այլն։ Դրա դիմաց Էրդողանը ստացավ գործողությունների լիակատար ազատություն Ղարաբաղում եւ Սիրիայում, Ղարաբաղում արդեն ամեն ինչ մեր աչքի առաջ է կատարվում։ Հետո Էրդողանը Պուտինին կասի, որ չստացվեց, ուկրաինացիները չեն համաձայնում կապիտուլյացիայի, հայտարարել է ռուս հայտնի վերլուծաբան եւ հետազոտող Անդրեյ Պիոնտկովսկին ուկրաինական «24 ալիքին»։
Սոչիի հանդիպումից երկու օր առաջ ադրբեջանական ստորաբաժանումները հայտնվեցին Լաչինի միջանցքում, ասում է Պիոնտկովսկին։ Ինչ է նշանակում ադրբեջանական զորք․ դա թուրքական բանակ է, հիշեցնեմ, որ անցյալ տարի Շուշիում Էրդողանն ու Ալիեւը ստորագրել են բանակը միավորելու համաձայնագիր։ Իսկ դա ՆԱՏՕ-ական բանակ է, որն ամբողջությամբ գերակայում է Հարավային Կովկասում։ Օսմանյան կայսրությունը 180 տարի այդպիսի դիրքեր չի ունեցել Կովկասում, իսկ այդ «մուդակը» (նկատի ունի Պուտինին) Ավդեեբկայում ու Պոսկիում պայքարում է ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ, ասում է Պիոնտկովսկին։
Նա հիշեցնում է, որ Լաչինի միջանցքը ռուսական պատասխանատվության գոտի է, իսկ շուրջ թուրքական միացյալ բանակն է, այսինքն՝ ռուսական եւ թուրքական բանակները գտնվում են իրար կողքի, բայց Սոչիում 4 ժամ տեւած բանակցություններում Ղարաբաղի խնդիրը չի քննարկվում․ դա նշանակում է, որ ամեն ինչ որոշված ու համաձայնեցված է, ասել է նա։
Պուտինը ներկայում կառչում է փրփուրներից՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու եւ Ուկրաինային արեւմտյան զենքի մատակարարումը դադարեցնելու համար, եւ դրա համար հանձնում է «բարեկամ» Հայաստանը, եւ ոչ առաջին անգամ։ Նա դավաճանում է Ասադին՝ հակաարեւմտյան ճամբարի իր եղբայրակցին, ասում է Պիոնտկովսկին։
Հայաստանի դեմ պատերազմը Պուտինն է սկսել Ալիեւի հետ։ Պուտինն ատում էր Փաշինյանին եւ ցանկանում էր խաղարկել իր տասնյակ անգամ խաղարկած կոմբինացիան՝ հայերն ու ադրբեջանցիները բախվում են, եւ միջամտում է Պուտինը՝ որպես խաղաղարար, եւ Բաքուն ու Երեւանը կրկին կախման մեջ են ընկնում նրանից։ Բայց հետո տեղի ունեցավ անսպասելին, եւ Փաշինյանին պատժելու փոխարեն իրադարձությունները հանգեցրին Կովկասում Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, ասում է Պիոնտկովսկին։
Ռուս վերլուծաբանն իհարկե նոր բան չի ասում եւ մի շարք հարցերում պարզեցնում է իրավիճակը, սակայն նրա խոսքից այս ծավալուն մեջբերումն անում ենք՝ հայ ընթերցողին ռուսական պետական պրոպագանդայից եւ դրա հայաստանյան ածանցյալներից դուրս ռուսական այլ տեսակետի ծանոթացնելու համար։ Նա հաստատում է այն պնդումները, որ Մոսկվան պլանավորել է Հայաստանի դեմ արշավը եւ իրականացրել Բաքվի հետ, իսկ Սոչիից առաջ Պուտինը հանձնել էր Արցախը։ Սա կարեւոր է, քանի որ ուկրաինական մեդիա-թեման ներկայում ուշադրության կենտրոնում է։
Էրդողանը երեկ հայտարարեց, որ Բաքուն հաղթել է Թուրքիայի օգնությամբ։ Պուտինը նման բան չի հայտարարել, սակայն Կրեմլի պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսափողերը բազմիցս հայտարարել են, որ Բաքուն չէր կարող հաղթել առանց Ռուսաստանի օգնության, ավելին՝ հայերի հաղթանակը ձեռնտու չէր Ռուսաստանին։ Երկուսն էլ ճիշտ են, եւ դա ձեւակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն՝ «թուրքերի հետ համատեղ բարդ օպերացիա իրականացրինք Ղարաբաղում»։
Գոպնիկ ըստ Վիկիպեդիայի․ բնակչության՝ ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող, վատ կրթված և բարոյական արժեքներից զուրկ ոչ ֆորմալ շերտի ներկայացուցիչներ, որոնք հաճախ ծագում են դիսֆունկցիոնալ ընտանիքներից և միավորվում են հակամշակույթի հիման վրա՝ կրիմինալ և այլ նման ուղիներով ինքնահաստատվելու նրանց հանդեպ, ում գերազանցությունը նրանք զգում են իրենց հանդեպ՝ ավելի բարձր սոցիալական կարգավիճակի պատճառով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am