Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները»:
Բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակի տեքստը, որը նրանք փոխանցեցին դեսպանատանը:
Չնայած նրան, որ այդ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի եւ հարակիշ շրջանների տարածք՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի հովանու ներքո, մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվել մեր մշտական բնակության վայրեր վերադարձի մասով:
Ավելին, Արցախում, որը համառորեն անվանվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, տեղի են ունենում ագրեսիայի նորանոր ակտեր, որոնք հանգեցնում են նոր տարածքային եւ մարդկային կորուստների: ՌԴ-ն, որպես նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր, չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու այդ հայտարարության խախտումները եւ ապահովելու շփման գծի անձեռնմխելիությունը, ինչը նախատեսված է այդ փաստաթղթով:
Միաժամանակ Ռուսաստանի պաշտոնատար դեմքերը անթաքույց խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության միջազգային կարգավորման չեղարկման մասին՝ փաստացի մենաշնորհայնացնելով կարգավորման գործընթացը: