Արցախում Մոսկվայի առաջնորդությամբ Բաքվի հերթական գրոհին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը․ «Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը», մասնավորապես ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ:
Դա նշանակում է, որ Ռուսաստանի «միջնորդությունը» ձախողված է։ Իհարկե, ռուսներն այդպիսի խնդիր չէին էլ դրել իրենց առջեւ, թուրքերի հետ Հայաստանի դեմ ռազմական արշավից եւ նոյեմբերի 9-ից հետո հայտարարելով, թե Ղարաբաղի խնդիրը լուծված է, կարգավիճակի խնդիր չկա, Մինսկի խմբի մանդատի շրջանակում քաղաքական կարգավորումը բացառվում է։ Ռուսական միջորդության իմաստը լավրովյան պլանի եւ թուրքերի հետ պայմանավորվածությունների իրականացումն էր։
ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ի թուղթը հրաժարվել է ճանաչել որպես կարգավորում, պնդելով ՄԽ կամ այլ լեգալ ձեւաչափով քաղաքական խնդիրների կարգավորումը։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվել է Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւ, Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատներում 2020-ի նոյեմբերի 25-ին Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը զուգահեռ։
Ռուսները ձգտում էին Մինսկի խմբի մանդատով լեգիտիմացնել սեփական ծրագրերը, սակայն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մերժեցին, որից հետո Մոսկվան հայտարարեց ՄԽ չեղարկման մասին, Բաքվի ակտիվ ձայնակցությամբ։
Թե ինչ են ենթադրում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման ամերիկյան պնդումները եւ ինչ մեխանիզմներով է դա հնարավոր՝ որոշակիություն չկա։ Միեւնույն ժամանակ, դա «եռակողմ» աքցանից դուրս գալու հնարավորություն է հայկական կողմի համար՝ խնդիրները բանակցային սեղանին վերադարձնելու, ինչը ռազմական, դիվանագիտական, հոգեբանական եւ այլ միջոցներով փորձում են չեզոքացնել Մոսկվան ու Բաքուն։ Սակայն հայկական կողմի ջանքերն էլ բավարար չեն, ինչպես ակնարկել են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իսկ հայկական մեդիա-քաղաքական շրջանակների գերակշիռ մասը մնում է ռուսական ծիրում։ Իսկ «եռակողմ» աքցանից դուրս գալու համար անհրաժեշտ են ինքնիշխան որոշումներ ու նախաձեռնություններ։
Մոսկվան ու Բաքուն Արցախում արագացնում են «ընդունման-հանձնման» ակտը, եւ դա կանխելու համար պետք է օգտագործել գուցե վերջին հնարավորությունը։ Այդպիսին կարող է լինել օրինակ Արցախի ճանաչման կամ վերամիավորման որոշման իրագործման վերաբերյալ նախագծերի ներկայացումը եւ քննարկումն Ազգային ժողովում։
Կարդացեք նաեւ Արցախում Ռուսաստանի «խաղաղապահության» հետեւանքը․ ինչ է սպասվում առաջիկայում