Lragir.am-ը գրում է. Օգոստոսի 1-ին Արցախում շփման գիծը հատելու Բաքվի փորձերից հետո, օգոստոսի 2-ին Լավրովը եւ Պուտինը զանգել են Փաշինյանին ու Միրզոյանին եւ պնդել ռուսական մանթրան՝ եռակողմ երեք հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը։
Արցախի Անվտանգության խորհրդի նիստում Արցախի նախագահը տեղեկացրել է, որ «ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»: Խոսքը Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի մասին է։ Բաքուն 32 կմ գրունտային ճանապարհ է կառուցել, հայկական կողմում ճանապարհը դեռ պատրաստ չէ։
Եթե Բաքուն նման պահանջ է դրել, նշանակում է հերթական անգամ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բանն այն է, որ այդ ճանապարհի շահագործման վերաբերյալ նշված է երեք տարի ժամկետ, որը լրանում է 2023-ի նոյեմբերին, եւ մինչեւ այդ ժամկետի լրանալը պետք է գործի եղած միջանցքը։
Ըստ այդմ, տրամաբանական կլիներ, եթե Պուտինը եւ Լավրովը որպես լավրովյան պլանի հեղինակներ եւ երաշխավորներ նախ զանգեին Բաքվի իրենց գործընկերներին եւ պնդեին եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը։ Հայաստանը խախտում չի կատարել։ Եթե Մոսկվան հանդես չի գալիս որպես Բաքվի պահանջների առաջնորդող եւ երաշխավոր, ուրեմն այս պահանջը պետք է հանվի Մոսկվա-Բաքու համատեղ հայտարարությամբ։
Մոսկվան ու Բաքուն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բազմիցս խախտել են եռակողմ հայտարարությունները, Բաքուն գործել է Մոսկվայի առաջնորդությամբ թե ՀՀ տարածք ներխուժումների, թե Արցախի Քարագլխի եւ այլ դեպքերում։ Հայաստանից հնչող հարցադրումներին՝ կապված ներխուժումների հետ, Մոսկվայից պատասխանում էին՝ սահմանազատում արեք, այսինքն՝ դուք տարածք ու սահման չունեք։ Այսօրվա զանգը կարող է նշանակել՝ համաձայնեք Բաքվի պահանջին, այլապես կհարձակվեն։ Դեռ խնդիր է՝ արդյոք Բաքվի պահանջը միայն դա է։
Մոսկվան ու Բաքուն շտապում են՝ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի անորոշ հեռանկարի ու ներքին բարդացող կացության պայմաններում։ Բացի այդ, առաջիկա օրերին Պուտինը հանդիպելու է Էրդողանի հետ եւ պատրաստ է նրան մեծ զիջումների գնալ՝ պատժամիջոցների շրջանցման եւ Ուկրաինային խաղաղություն պարտադրելու հարցերում աջակցության դիմաց։
ՀՀ իշխանության արձագանքն այս իրադարձություններին քպ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ մահվան ու խաղաղության վերաբերյալ գրառումն էր՝ ողորմելիության ու անմեղսունակության թանձր նստվածքով։