Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ВКонтакте-ի իր էջում գրառում է արել ու հետո հեռացրել։ Մեդվեդևը գրել է, որ Ուկրաինան գրավելուց հետո Ռուսաստանը «կանցնի ևս մեկ արշավի՝ վերականգնելու մեր հայրենիքի սահմանները, որոնք, ինչպես գիտեք, ոչ մի տեղ չեն ավարտվում»։
Մեդվեդևը գրել է, որ Վրաստանը ներկայիս սահմաններով ստեղծվել է Ռուսական կայսրության օրոք։ Նա Ղազախստանն անվանել է «արհեստական պետություն», որի տարածքն առաջինը ռուսներն են բնակեցրել։
«Այս դարում Ղազախստանի իշխանությունները սկսել են իրականացնել տարբեր էթնիկ խմբերի վերաբնակեցման նախաձեռնություններ, ինչը կարելի է որակել որպես ռուսների ցեղասպանություն: Մինչեւ ռուսները այնտեղ չգնան, կարգուկանոն չի լինի», ասել է Մեդվեդևը։
Մեդվեդևը գրել է, որ ռուսները «սրտի ցավով» են նայում, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև և «չեն կարող չանհանգստանալ» աշխարհի կողմից Մերձդնեստրը չճանաչելու համար։ Ըստ նրա, Օդեսայի գրավման դեպքում Ռուսաստանն ու Մերձդնեստրը կունենան «ընդհանուր սահման»։
«Ոչ ոք չի կարող կանգնեցնել Ռուսաստանին այս ճանապարհին», գրել է Մեդվեդևը։
Մեդվեդեւը վերջին շրջանում հանդես է գալիս ագրեսիվ գրառումներով ու հայտարարություններով, որի համար Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը նրան խեղկատակ է անվանել։ Մեդվեդեւին ծաղրում են նաեւ Ռուսաստանում, նշելով, որ Կրեմլը եւ ուժային բլոկը նրան են հանձնարարում ամենակեղտոտ դերը։
Ինչ վերաբերում է «սրտի ցավով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ կատարվողին» հետեւելուն, ակնարկն այստեղ կրկին թափանցիկ է՝ անհրաժեշտ է նվաճել այդ երկրները։ Այսպես կոչված Ադրբեջանն իրենց ստեղծածն է՝ հայերի ու հայկական տարածքների հաշվին, կատարվողն էլ ռուսական հերթական ոճրագործությունն է Հայաստանի հանդեպ՝ պրոքսի թուրքերի ձեռքով։