Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերը գտնվում են «շատ բարդ իրավիճակում»՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմավարությունը նման է իր զորքերին մսաղացով անցկացնելուն: Այս մասին նա խոսել է BBC Today-ի եթերում։
Ուոլեսը նշել է, որ «ցանկացած չափանիշով Ռուսաստանը գտնվում է այնպիսի վիճակում, երբ չի հասել իր հիմնական նպատակներին։ Դա հանգեցրել է հսկայական կորուստների ու զոհերի»։ Նրա կարծիքով, Ռուսաստանը «միանշանակ այն վիճակում չէ, որ կարողանա զավթել երկիրը, նրանք կարող են շարունակել սպանել ու ոչնչացնել, բայց դա հաղթանակ չէ»։
«Պուտինը չի փոխել ողջ Ուկրաինան գրավելու, Կիևն ու Օդեսան գրավելու իր ցանկությունը, բայց նրա բանակը իրականում կաթվածահար է եղել հսկայական կորուստների պատճառով։ Ավելի քան 25 հազար զոհ։ Գուցե երկու անգամ ավելի շատ վիրավորներ», – ասել է բրիտանացի նախարարը։
Նա նշել է, որ Պուտինը սովորաբար այս մսաղացն է նետում Ռուսաստանի ամենաաղքատ շրջանների էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ «թքած ունենալով արդյունքի վրա»։
Ներկայում ռուսական բանակը «գործում է իր մարտունակության մոտ 40-50%-ով», ասել է նա։