Կառավարության շենքի դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Արցախից տեղահանվածները։ Լրագրողների հետ զրույցում «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը նշեց, որ իրենք շարունակում են պնդել իրենց չորս հիմնական պահանջները։
«Անցած հավաքին մենք հայտնել էինք մեր չորս պահանջները: Այդ չորս պահանջներն են Արցախի հայկական կարգավիճակը, երկրորդ պահանջը փախստականի կարգավիճակի ճշտումն է։ Մեկ շաբաթ առաջ մեզ ընդունել է Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարը: Ես նրան ասել եմ, որ բավական է մեր ժողովրդի հետ խաղեր խաղալ: Որտեղ պետք է՝ Արցախի իշխանություններ են ասում, որտեղ պետք է՝ Հայաստանի իշխանություններ:
Այդ հանդիպման ժամանակ մի հետաքրքիր հարց հնչեց՝ ինչով են զբաղվում մեր երկու կառավարությունները, որ Արցախից տեղահանված 140 000 բնակիչները չունեն քաղաքացիություն: Իրենք ասում են՝ ինչո՞ւ ես դու այդքանի անունից խոսում: Ես խոսում եմ, քանի որ այդ 140 000-ի մեկ մասնիկն եմ»,- ասաց նա:
Տեղահանված արցախցիները նշեցին, որ իրենց երրորդ հարցը այն է, որ Հայաստանի տարածքում իրենց՝ փախստականների համար հավաքական համայնք կառուցվի։
«Եթե այդ համայնքները չկառուցվեն, պարզ կդառնա, որ կառավարության նպատակը տեղահանված արցախցիներին հետագայում Արցախ վերադարձնելը չի լինելու: Իսկ չորրորդը՝ սոցիալական աջակցություն տրամադրելն է, որը կարծես թե հաջողում են»,- ասաց Լևոն Հայրյանը: