Գեներալը հարվածի տակ է դնում Տարոն Մարգարյանին

Երևանի ավագանու սկանդալային նիստի գարշահոտությունը դեռեւս երկար կիշխի քաղաքական դաշտում: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կազմակերպած «կոյուղաջրերի ակցիան» պարզվում է՝ խոցել է ոչ միայն ավագանու անդամներին, այլեւ՝ իշխող մեծամասնությանն առհասարակ: Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ-ական ավագանիների կողմից կիրառված բռնությանը եւ ոչ ավել, ոչ պակաս արդարացրեց այն:

Նա ասաց, որ «Երկիր ծիրանիի» անդամները նպատակ ունեին խաթարելու ավագանու նիստի բնականոն ընթացքը:«Նրանց հնարավո՞ր էր կանգնեցնել, ինչը ես տեսել եմ: Ի՞նչ է նշանակում, ասում եք՝ կնոջ նկատմամբ բռնություն, ես այդտեղ հայ կնոջ կերպարանք չտեսա: Դա անընդունելի է, կեղտաջուրը շփել մարդկանց վրա: Այսինքն՝ եթե ես տղամարդ եմ, ձեռներս գրպանում, դուք պիտի գաք ինձ ապտակե՞ք: Ես էլ Աստվածաշունչ կարդացող մարդ եմ, մյուս երեսս էլ պիտի դեմ տա՞մ»,- հեգնեց Բաղդասարյանը:

Սեռական ոտնձգության մասին հայտարարությունների մասին էլ ասաց. «Լկտիությունը պետք է չափ ունենա: Սա ամբողջ հայոց պատմության մեջ քաղաքական դաշտում առաջին դեպքն է, երբ նման հայտարարություն են անում սեռական բռնության մասին»:

Դե, իհարկե, ՀՀԿ-ական պատգամավորի պատկերացումները հայ կնոջ կերպարի մասին սկսվում եւ ավարտվում է ՀՀԿ փափկասուն տիկնանց կերպարի շրջանակներում, ասենք հայ կինը պետք է աջուձախ վիրավորի ֆեյսբուքյան հանրությանը, սպառնա հանել նրանց աչքերը, որոնք կհանդգնեն բանակի ու նախարարի մասին թթու խոսք ասել, առաքինի հայ կինը պետք է բյուջեի հաշվին ամսեկան առնվազն 3 մլն դրամի հեռախոսազրույց ունենա, հայ կինը պետք է բիզնեսներ ունենա ու պետք է ընտրություններ կեղծի անգամ կրթօջախներում, պետք է անձնվիրաբար կուրծք ծեծի հանուն իշխանության, եւ նույնիսկ կարող է տղամարդկանց շշպռել եւ վիրավորել, եթե նրանց նշանակել են բարձր պաշտոնների, տեղադրել բարձր ամբիոններում: Ինչեւէ, ճաշակի հարց է՝ չընդունել, կին չհամարել մեկին, որը պայքարելու, իշխանության դեմքը ցույց տալու խիզախություն ունի:

Ի տարբերություն Բաղդասարյանի, ավելի խորամանկ մեկ այլ իշխանական՝ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն փորձեց միջադեպը այլ հունով տանել՝ ոչ նալին, ոչ մեխին հարվածելու իր սովորությամբ, նա ասաց, որ ավագանու ՀՀԿ-ական անդամները արջի ծառայություն են մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Դիտարկմանը, որ հենց Տարոն Մարգարյանի հրահանգով են նրանք հարձակվել ընդդիմադիր կանանց վրա, Սարոյանը պատասխանեց. «Ինքն ասեց` դեմն առեք, էդ չի նշանակում քելեք տփեք էդ կնանիքին։ Ինչ գիտեր, մեջն ինչ կա: Երևի մտածեցին` քիմիական ա, ոչ մեկ չէր պատկերացնում` ինչ ա-ինչ չի, սաղդ էլ տեսաք դրանց հագածը-կապածը, երևույթը սիրուն չէր, բայց ամեն դեպքում կնանիքին չէր կարելի ծեծել»,- նշեց Սարոյանը:

Սարոյանը նաեւ թասիբի գցեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ինձ թվում ա` Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար ա, ինքը սաղ կնայի ու կվերլուծի ու կտենա»:

Ասել է թե, Սեյրան Սարոյանը հստակ բնորոշել է՝ եղել է ծեծ, ծեծել են կնանիքին, հետեւաբար Տարոն Մարգարյանը պետք է դրանից հետեւություններ անի, այսինքն իշխանության ներկայացուցիչը ըստ էության ընդունում է, որ իշխանության ներկայացուցիչները մեղավոր են ու պետք է հետեւի պատիժը:

Անի Սահակյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ hayeli.am