Հայ-թուրքական հանդիպումներից հետո թե հայկական, թե թուրքական կողմի տարածած հաղորդագրություններում նշվում է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մտադրության մասին։ Իրականության մեջ այն վերաբերում է միայն հայկական կողմին, քանի որ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորման է գնում նախապայմանների հսկա փաթեթով։
Թուրքերն այդ փաթեթի մասին հիշեցնում են ամենօրյա ռեժիմով, ընդ որում՝ ավելի ու ավելի կոշտ հռետորաբանությամբ։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, օրինակ, հուլիսի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Բաքվի պահանջներով ու շահերով։ Ավելին, թուրք նախարարը բացահայտ ասել է, որ հայ-թուրքական կարգավորումն իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենց քայլերը Ադրբեջանի հետ են համակարգում: «Հայաստանին դուր է գալիս, թե ոչ, սա է իրականությունը», ասել է նա:
Պարզվում է, սակայն, որ Հայաստանի իշխանությունը, ի դեմս ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի, Անկարայի այս պահանջները նախապայման չի համարում: «Դա նախապայման համարել չի կարելի։ Թուրքիան, ըստ էության, մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, որը, բնականաբար, մեզ համար երբևէ ընդունելի չի եղել», ասել է նա:
Այսինքն, թուրքերն ամենօրյա ռեժիմով դնում են նախապայմաններ, նույնիսկ ասում են, որ դա նախապայման է, ՔՊ-ական կոմիսարն ասում է, որ դա նախապայման չի կարելի համարել։ Նման արձագանքը կարելի է համարել կամ քաղաքական անմեղսունակության դրսեւորում, կամ թուրքական նախապայմաններին համաձայնելու վկայություն։
Այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանը հենց սկզբից «կարմիր գիծ» է եղել Անկարայի համար։
«Մեր կարմիր գիծն ի սկզբանե եղել է Ադրբեջանը։ Մենք ասել ենք, որ «կբացենք մեր դռները» Ադրբեջանի հետ խնդրի լուծումից հետո։ Ուրախ եմ նաեւ, որ Փաշինյանը մեզ հետ կիսում է համանման տեսակետները տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության հարցում», ասել է Էրդողանը։
Թե որն է թուրքական նախապայմանների էությունը՝ կարդացեք Անկարան վերահաստատեց նախապայմանները Հայաստանին