ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Դրա մասին հաղորդել է Բլինքենը իր թվիթերյան գրառման միջոցով: Հիշեցնենք, որ նույն օրը պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է Ամերիկայի ձայնը:
Իր գրառման մեջ Բլինքենը, մասնավորապես, գրել է.
«Ես այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին։ Ես ողջունում եմ երկկողմ բանակցությունների արդյունքում առաջ եկած դրական միտումները և կոչ եմ անում հասնել հետագա առաջընթացի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը իր տարածած հայտարարություն մեջ հեռախոսազրույցի մասին, մասնավորապես, նշել է.
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցման կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինքենը խրախուսել է շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպես, օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պետքարտուղարը նաև վերահաստատել է իր աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա փոխանցել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու համար Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։ Պետքարտուղար Բլինքենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած հայ ձերբակալվածներին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը: