Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Օդեսայի նավահանգստի հրթիռակոծությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ապտակն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։
«Ռուսաստանի Դաշնությունից 24 ժամից էլ քիչ ժամանակ պահանջվեց՝ կասկածի տակ դնելու համաձայնագրերն ու խոստումները, որոնք նա տվել է ՄԱԿ-ին և Թուրքիային երեկ Ստամբուլում ստորագրված փաստաթղթում։ Ռուսական հրթիռը Պուտինի ապտակն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին , որոնք մեծ ջանքեր են գործադրել համաձայնության հասնելու համար, և որոնց Ուկրաինան երախտապարտ է»,- ընդգծել է դիվանագետը։
Ուկրաինան պնդում է, որ անհրաժեշտ է խստորեն իրականացնել համաձայնագրերը՝ վերականգնելու ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից՝ Օդեսայից, Չեռնոմորսկից և Պիվդենից, ընդգծել է Նիկոլենկոն։
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և Թուրքիային ապահովել Ռուսաստանի պարտավորությունների կատարումը հացահատիկային միջանցքի անվտանգ շահագործման շրջանակներում: Ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու դեպքում Ռուսաստանը կկրի ամբողջ պատասխանատվությունը համաշխարհային պարենային ճգնաժամի խորացման համար», ասել է ԱԳՆ խոսնակը։