ԱՄՆ դեսպանատունը՝ Գոռ Վարդանյանի պահվածքի մասին.

Արդեն մի քանի օր է՝ ակտիվ քննարկվում է օրեր առաջ Երևանի ավագանու նիստում կատարված միջադեպը: Սա, թերևս, նաև այն պատճառով, որ ինչպես միշտ, այս անգամ ևս մեղավորները չպատժվեցին, կնոջ վրա ձեռք բարձրացնելու փաստն էլ իշխանական կուսակցության ներկայացուցիչները կամ պատճառաբանեցին նրանով, թե ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամներն են հրահրել, քանի որ իրենք մտածել են, որ կանայք ցանկանում էին տարաների պարունակությունը լցնել քաղաքապետի վրա, իրենք էլ կանխել են, կամ էլ շատերը պնդում էին, թե իրենք հարվածելու կամ բռնության տեսարանների ականատես չեն եղել, տեսանյութերի վրա հիմնվելով էլ կարծիք չեն կարող կազմել:

Քննարկումները հատկապես բուռն էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի շուրջ, որը ավագանու կին անդամին փորձել էր բռնի ուժով դուրս հանել դահլիճից: Նման պահվածքի համար նա ո՛չ ներողություն խնդրեց, ո՛չ նկատողություն ստացավ, ո՛չ էլ հույսեր կան, որ Վարդանյանին որևէ մեկը կնախատի իր արարքի համար, եթե, իհարկե, հակառակը չլինի, ու նա չխրախուսվի հանրապետական մյուս գործիչներին բռնի ուժ գործադրելու մեջ օգնելու համար:

Իսկ ի՞նչ հետևանքներ կունենար Գոռ Վարդանյանի արարքը, եթե նա դա աներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որի քաղաքացի է նաև հանդիսանում: Araratnews.am-ը դիմել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն՝ իմանալու դեսպանատան դիրքորոշումը նման պահվածքի վերաբերյալ:

Պատասխանում դեսպանատնից նշել են, որ ձեռնպահ կմնան մեկնաբանություն անելուց ներքին քաղաքական դաշտին առնչվող խնդրի վերաբերյալ, որի հետ կապված ներկայումս քննություն է ընթանում, հավելելով. «Պատմությունը սակայն ցույց է տվել, որ քննարկումը, երկխոսությունը և բռնության բացառումը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն են, որոնք խրախուսում են տարբեր տեսակետների բաց, թափանցիկ, խաղաղ և հարգալի դիտարկումը»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.araratnews.am