Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վաղ թե ուշ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվելու են Սև ծովում ռուսական նավատորմի վրա։ Ռուսաստանը պետք է լքի օկուպացված Ղրիմը, եթե ցանկանում է շարունակել գոյություն ունենալ որպես երկիր։ Այս մասին The Times-ին տված հարցազրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը, ով հետեւում է Մեծ Բրիտանիայում ուկրաինական զորքերի զորավարժություններին։
«Մենք մշտական վտանգ ունենք Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կողմից: Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները և հնարավորությունները, որոնք մենք ստանում ենք, մենք պետք է հակազդենք այդ սպառնալիքին: Մենք սկսեցինք Զմեինի կղզու գործողությունը: Մենք ստանում ենք հականավային զենք, և վաղ թե ուշ թիրախավորելու ենք նավատորմը։ Դա անխուսափելի է, քանի որ մենք պետք է երաշխավորենք մեր ժողովրդի անվտանգությունը»,- ասել է նա։
Գավրիլովի խոսքով՝ Ուկրաինան կհարձակվի ռուսական նավերի վրա Սև ծովում, երբ հնարավորություն ընձեռվի։ «Վաղ թե ուշ մենք կունենանք բավականաչափ ռեսուրսներ, որպեսզի հարձակվենք Ռուսաստանի վրա Սև ծովում և Ղրիմում: Ղրիմը Ուկրաինայի տարածք է, ուստի այնտեղ ցանկացած թիրախ մեզ համար օրինական է», ասել է Գավրիլովը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում ասել են, որ Ղրիմը կվերադարձվի ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով։