Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է լինելու Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակող քաղաքականությանը:
«Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն լինի, Թեհրանը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»,- նշել է Խամենեին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Իրան է մեկնել երեկ։ Այսօր նա հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Այցի ընթացքում Թեհրանում կայացել է նաև Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը, կողմերի միջև ստորագրվել են համաձայնագրեր տարբեր ոլորտներում։ Իրանում Էրդողանին ուղեկցում են նաև Թուրքիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարները, ինչպես նաև մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Առաջիկա ժամերին Էրդողանը նաև կհանդիպի ՌԴ նախագահի հետ, որից հետո կկայանա եռակողմ հանդիպում Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ regionmonitor.com