Lragir.am-ը գրում է. Մենք կոնկրետ արդյունքների չենք հասել,- ասել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին՝ մեկնաբանելով Թբիլիսիում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ – Դրանց չի կարելի հասնել մեկ փուլով, ասել է Իլյա Դարչիաշվիլին Առաջին ալիքին տված հարցազրույցում։ «Սակայն ստեղծվել է ԱԳ նախարարների միջև ուղիղ երկխոսության նախադեպ։ Չեն հստակեցվել նաև հետագա շփումների ժամկետները», ասել է նախարարը։
«Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը դրական քայլ կատարեցին՝ հանդիպելով Թբիլիսիում։ Ուղիղ երկխոսությունը ադրբեջանա-հայկական տարաձայնությունների լուծման ամենաապահով ճանապարհն է»։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով արտգործնախարարների Թբիլիսիում կայացած հանդիպումը։
Հայկական կողմը հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կարգավորումը պետք է տեղի ունենա՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտն ու ներուժը՝ իր մանդատի շրջանակներում։ Բաքվի նախարար Բայրամովն ասել է, որ հանդիպման ժամանակ առաջարկել է կարգավորումը կառուցել պատերազմի հետևանքով ստեղծված իրողությունների հիման վրա։
Արցախյան հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և իրողությունների հիման վրա տարբեր բաներ են։ Նման տարբերությամբ դժվար թե հնարավոր լինի արդյունքի հասնել։
Բլինքենի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Թբիլիսիում կայացած հանդիպման նպատակը ոչ թե այդ հակասության հաղթահարումն էր, այլ երկկողմ ձեւաչափը։ Հանդիպման նախօրեին Երեւան այցելեց ԱՄՆ ԿՀՎ տնօրենը, իսկ Ալիևը Ռուսաստանին հորդորեց կատարել իր պարտավորությունները՝ հասնել Արցախից հայկական ուժերի դուրսբերմանը, «փակել» Մինսկի խումբը և «համոզել» Հայաստանին չխոսել կարգավիճակի մասին։ Մոսկվան չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունները, փոխարենը Բաքվում իր դեսպանին ուղարկեց Շուշի՝ դրանով իսկ ցույց տալով, որ համաձայն է Ալիեւի պահանջների հետ։