Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։ Գրում է «Առավոտը»։
Հրամանագրում առկա են ոչ միայն պատմության բազմաթիվ խեղաթյուրումներ, այլև փաստացի ոտնձգություն է կատարվում Հայաստանի տարածքային ամբողջականության, մասնավորապես՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Այսպես, հրամանագրում նշվում է, որ Իրևանի պետական ադրբեջանական թատրոնը «հիմնադրվել է Իրևանի (Երևան) շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները»։ Բացի այն, որ հրամանագրում Երևանը նշվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», այլև խոսք է գնում «1918-1920 թթ. Իրևանում հայերի կողմից ադրբեջանցիների կազմակերպված զանգվածային սպանդի», ինչպես նաև այլ «վանդալիզմի և բռնությունների» մասին։
2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նպանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։ Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հավականությունների վառ դրսևորում կարելի է համար պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Զանգեզուր» եզրերի կիրառումը։
Աղբյուրը՝ Առավոտ