ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած փոփոխություն 121, փոփոխություն 611, փոփոխություն 337 օրինագծերը, հաղորդում են ամերիկահայ կազմակերպությունները: Ըստ վերջիններիս տեղեկության, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը համաձայնվել է օրենքի այս լրացումները ներառել 2023թ-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում:
Հիշեցնենք, որ փոփոխություն 611 (նախկինում՝ 698) ներկայացվել է կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Այն պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց: Այս օրինագծին են որպես համահեղինակներ միացել ավելի քան 25 կոնգրեսականներ: Թիվ 611 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 5»-ի փաթեթի մեջ և քվեարկության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:
Ընդունված մյուս օրինագիծը՝ փոփոխություն 121 (նախկինում՝ 837), ներկայացվել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի և Բրեդ Շերմանի կողմից: Օրինագիծը պահանջում է պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից տրամադրել զեկույց, որը մանրամասներ կներկայացնի թուրքական անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործման մասին, որոնք Ադրբեջանը կիրառել է ԼՂ երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, 2020 թվականի ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման վերաբերյալ: Այս նախաձեռնությունը աջակցել են շուրջ երկու տասնյակ այլ կոնգրեսականներ: Թիվ 121 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 1»-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:
Մյուսը՝ փոփոխություն 337 (նախկինում՝ #992) ներկայացվել է կոնգրեսական Ջեքի Սփեյերի կողմից, որը հանձնարարում է պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համաձայնեցնելով, ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Օրինագիծն աջակցել են շուրջ 15 կոնգրեսականներ: Թիվ 337 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 3»-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: