Քիչ Առաջ. Երկիր Ծիրանիի արածը խուլիգանություն էր.Վարդազարյանը «Վատ զգացի եւ՛ հոտից, եւ՛ ստեղծված իրավիճակից»

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր եւ սրտի տագնապով տեղափոխվել էր Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա: Այսօր «Հայկական ժանմանակ»-ի  հետ զրույցում երաժիշտն ասաց, որ արդեն տանն է, առողջական վիճակը՝ բավարար է, սակայն չի ցանկանում հիշել տեղի ունեցած միջադեպը:

Նա ասաց, որ միայն այդ մասին հիշելուց նորից վատանում է, եւ առողջությունն էլ չի ներում, որ խոսի: «Երեք հատ ստենդ ունեմ, այդ իրավիճակն իմ վրա շատ վատ անդրադարձավ և պարզվեց՝ ինձ մոտ ստենոկարդիկ սպազմ էր, բայց շնորհիվ Նորքի հիվանդանոցի, հիմա արդեն տանն եմ»,- հայտնեց Մարտին Վարդազարյանը:

Մեր այն հարցին, թե վերջինիս ինքնազգացողության պատճառը արդյո՞ք  Երկիր ծիրանիի բերած Նուբարաշենի կոյուղաջրի հոտն էր, թե՞ ստեղծված լարված իրավիճակը, Վարդազարյանն ասաց. «Վատ զգացի եւ՛ հոտից, եւ՛ ստեղծված իրավիճակից»,-նշելով, որ ծեծուջարդն էլ պակաս վատ չի անդրադարձել:

Երաժիշտը Երկիր ծիրանիի վարքը որակեց խուլիգանություն: Իսկ մեր այն հարցին արդո՞ք կանաց ծեծի ենթարկող տղամարդկանց վարքը նույնպես խուլիգանություն չէր, Վարդազարյանն ասաց, որ կռիվը սկսողն էլ, առաջին ապտակ հասցնողն էլ կին է եղել, որով ամեն ինչ ասվում է:

«Նորից եմ կրկնում, դա ինձ վրա  շատ վատ անդրադարձավ, այդ վիճակից ստենոկարդիկ վիճակ եղավ ինձ մոտ»,- ասաց նա եւ նշեց, որ չի ցանկանում այլևս ոչ մի հարցի պատասխանել՝ ուժերը խնայում է ավելի արժանի թեմաների մասին խոսելու համար:

 Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com