Lragir.am-ը գրում է. Կանադայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռարածաշրջանում առաջին դեսպանատունը բացում է Երեւանում, որը թույլ կտա ավելացնել աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, որին կոպիտ արձագանքել էր Երեւանում ՌԴ դեսպանատունը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին սպառնալիքներով եւ երկրի ներքին գործերին կոպիտ միջամտությամբ։ ՌԴ դեսպանը սակայն չի հրավիրվել ՀՀ ԱԳՆ՝ բացատրություններ տալու հայտարարության կապակցությամբ։ Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ն նոտա չի հղել ՌԴ ԱԳՆ։
ՀՀ իշխանությունը լուռ է, լուռ է նաեւ ռուսանպաստ «ընդդիմությունը», որը պարբերաբար երթեր է անում ԵՄ եւ ԱՄՆ դեսպանատներ՝ բողոքելով ժողովրդավարության վիճակից ու արեւմտյան լռությունից։ Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունն ու «ընդդիմությունը» կազմավորվել են մոսկովյան քվոտաներով՝ Երեւանում ՌԴ դեսպանատան ուղիղ հրահանգավորմամբ ու համակարգմամբ։
«Դեմոկրատիան նշանակում է ավելի քիչ կապեր Ռուսաստանի հետ», ՌԴ դեսպանատան արձագանքը բացատրել է հայ մամուլի հաճախակի հյուր մոսկովյան հայտնի էմիսարը, նշելով, որ արեւմտյան ռեսուրսը «առանձին վերցրած Հայաստանում մեծացվելու է»։ Նա իր հերթին քողարկված սպառնալիքներ է տեղացել Հայաստանի հասցեին, բերելով Ուկրաինայի օրինակը։
Արեւմուտքի ցանկացած քայլ Հայաստանում նյարդայնացնում է ռուսներին եւ մղում նորանոր խոստովանությունների։ Հայաստանի դեմ թշնամական ծրագրերը Մոսկվայի համար այլեւս անհնար է դարձել քողարկել։ Նման արձագանքն իսպառ բացակայում է Բաքվի պարագայում։ Մոսկվայի նյարդայնությունը գալիս է «հայկական ռեսուրսը» կորցնելու մտահոոգությունից․ Հայաստանն ու հայերը դեռ պետք է զոհաբերվեն Մոսկվայի նպատակների համար։