ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցիապօրինի ներմուծման փորձ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշվում է, որ վերջին ամիսներին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացվող թիրախային վերլուծությունների և նույն վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն էքսպրես-բեռներ փոխադրողների կողմից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանիներ, ինչի արդյունքում թիրախավորված, բարձր ռիսկայնություն ունեցող առաքանիների միջից հայտնաբերվել են տարբեր քաշերի և քանակի «մեթամֆետամին», «ՄԴՄԱ (էքստազի)», «կրիստալ», «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, որոնք թաքցված են եղել առաքանու մեջ հայտնաբերված սկավառակի տուփի, խաղաթղթերի, դեմքի համար նախատեսված դիմակի, սարքավորումների համար նախատեսված տուփերի մեջ և այլն։
Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին, ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններից՝ անօրինական ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, քանի որ իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։