Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Պուտինը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ալիևին Կասպից ծովի տարածաշրջանում համագործակցությունը զարգացնելու գաղափարների համար։
Ընդհանուր առմամբ, նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները «շատ լավ վիճակում են»։ «Այն ամենը, ինչ մենք պայմանավորվել ենք, իրականացվում է, առևտրաշրջանառությունն աճում է»,- ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 16 տոկոսով, իսկ այս տարվա առաջին երեք ամիսներին՝ մոտ 5,5 տոկոսով։
Միաժամանակ նա նշել է, որ «իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում և առաջին հերթին կապված ղարաբաղյան կարգավորման հետ»։
Պուտինը հավելել է, որ Ալիևի հետ միասին խոսել են այդ մասին:
Երեկ՝ չորեքշաբթի, Աշխաբադում կայացել է Կասպից ծովի «հնգյակի» գագաթնաժողովը, որին, բացի Պուտինից և Ալիևից, մասնակցել են Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարները։