Այսօր Էրեբունի ԲԿ ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը։
Ծնողները փոքրիկին անվանել են Արեն՝ ի պատիվ իրենց երկրորդ որդու՝ Գևորգի, որը ցանկանում էր իր ապագա տղային այդպես կոչել։
«Հայկական Ժամանակի» հետ զրույցում դեռ հղիության 12-րդ շաբաթականում զոհված տղաների մայրը՝ Արևիկ Միքայելյանը, պատմել էր՝ տղաների՝ Գևորգի ու Կարենի զոհվելուց հետո ապրելու իմաստն իսպառ կորել էր: Կրկին երեխա ունենալու ցանկությունն ընտանիքի հոր մոտ էր առաջացել:
«Չէի հավատում ու չէի պատկերացնում, որ այս տարիքում կարող եմ նորից հղիանալ: Ինձ համար անսպասելի էր, թեև բժիշկն ասել էր, որ որևէ խնդիր չունեմ: Մինչև հիմա ականջներումս է բժշկուհու ձայնը՝ «շնորհավորում եմ, տիկին Արևիկ, Դուք հղի եք»: Երբ իմացա, որ տղա եմ լույս աշխարհ բերելու, կարծես մեռած կյանքս լուսավորվեց»,- խինդ ու լաց միախառնած՝ պատմել էր մայրը:
26-ամյա Գևորգ Գևորգյանն ու 22-ամյա Կարեն Գևորգյանը 2 տարի ծառայել են Ոստիկանության զորքերում: Դրանից հետո սկսվել է պատերազմը, առաջին իսկ օրերից տղաներն իրենց ծառայակից ընկերների հետ հայրենիքի համար մարտնչել են նախ, Քարվաճառում, հետո՝ Շուշիում:
Գևորգ և Կարեն Գևորգյանները զոհվել են նոյեմբերի 7-ին, Շուշիում: Տղաների մարմինները, որոնք եղել են կողք կողքի, գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 17-ին: Ծնողները տեղյակ չեն եղել, որ որդիները կռվում են Շուշիում, քանի որ նրանք գաղտնի են պահել դա: Վերջիններիս զոհվելուց հետո նոր միայն Գևորգի կինը ծնողներին պատմել է, որ նա հաճախ զրուցելու ընթացքում ասել է՝ շրջափակման մեջ են, հնարավորություն չունեն դուրս գալու: