Անցյալ տարի Երեւանի Վերնիսաժի կրակոցների գործով ֆիգուրանտներից մեկի՝ ալավերդցի Վահագն Աբգարյանի ձերբակալությունը ձնագնդի էֆեկտ է տվել: Արդեն ձերբակալվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Լոռու Քննչականի պետը, ով կաշառքի դիմաց գործողություններ է կատարել Աբգարյանի օգտին, մի քանի քննիչներ:
Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Աբգարյանը լայն կապեր է ունեցել պաշտոնյաների շրջանում: Վերնիսաժում վիրավորվելուց հետո նրան այցելում էին բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատգամավորներ: ԶԼՄ-ները գրում են, որ շուտով հնարավոր են այլ աղմկոտ ձերբակալություններ, այդ թվում Լոռու ոստիկանապետն ու դատախազը:
Ուշագրավ մի միտում է նկատվում՝ Աբգարյանի ձերբակալությունից հետո ակտիվացել են զտումներն ու ձերբակալություններն իրավապահ համակարգում, ոչ միայն այս գործի շրջանակում: Ընդ որում, դա ուղեկցվում է իրավապահ տարբեր կառույցների փոխադարձ մեղադրանքներով:
Աբգարյանը ակտիվ դերակատարություն է ունեցել ընտրությունների եւ իշխանության քաղաքական այլ միջոցառումների ժամանակ, նա իշխանության ու կրիմինալի սերտաճածության «դասական» օրինակ է:
Դատելով քրեական գործի շրջանակում բացահայտվող փաստերից ու տվյալներից, Աբգարյանը կարեւոր օղակ էր կրիմինալի ու իրավապահների, ինչպես նաեւ իրավապահների միջեւ հարաբերությունների շղթայում, եւ նրա ձերբակալությունը խախտել է այդ շղթան եւ որոշակի «ստատուս-քվո»:
Չի բացառվում, որ այս գործն օգտագործվի իշխանության կողմից՝ իրավապահ համակարգի «վերաֆորմատավորումն» ավարտին հասցնելու, ինչպես նաեւ քրեական աշխարհը իշխանության ձեւավորման տրամաբանությանը համարժեք վերաձեւելու համար:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am