ԵԽԽՎ-ն Ռուսաստանին մեղավոր ճանաչեց մալայզիական քաղաքացիական օդանավը խոցելու համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել 2014 թվականին Ամստերդամից Կուալա Լումպուր մալայզիական Boeing 777 MH17 ինքնաթիռի կործանման համար։ ԵԽԽՎ-ն համապատասխան բանաձեւն ընդունել է հունիսի 23-ին, հայտնում է կազմակերպության կայքը։

ԵԽԽՎ բանաձեւում ասվում է, որ Ուկրաինայի և Նիդեռլանդների իշխանությունների տրամադրած ապացույցների հիման վրա համարում է «ամենահամոզիչ սցենարը», որ MH17 չվերթը խոցվել է ռուսական «Բուկ» հրթիռով, որը տրամադրվել է Ռուսաստանի կողմից վերահսկվող զինյալներին:

ԵԽԽՎ-ում նշել են, որ իրենք ցնցված են Malaysia Airlines ավիաընկերության չվերթի կործանման մասին ռուսական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունից, որը «ցավ ու տառապանք» է առաջացրել զոհվածների հարազատների ու ընկերների շրջանում։

«Իրավասու հետաքննչական մարմիններին հավաստի տեղեկատվություն տրամադրելու փոխարեն՝ ռուսական իշխանությունները տարածում են ապատեղեկատվություն՝ ներառյալ իրադարձությունների հակասական վարկածները, որոնք նախատեսված են շփոթություն ստեղծելու համար: Ինչպես ցույց են տալիս բաց աղբյուրներից հետախուզական տվյալները, ռուսական իշխանությունները նույնիսկ այնքան հեռուն են գնացել, որ ներկայացրել են մանիպուլյատիվ ռադիոտեղորոշիչ, արբանյակային և այլ տվյալներ՝ ճշմարտությունը թաքցնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մասնավորապես, ռուսական վարկածներն այն մասին, որ MH17 չվերթը խոցել են ուկրաինական Սու-25 կամ ՄիԳ-29 կործանիչը, կամ ուկրաինական «Բուկ» հրթիռը, որն արձակվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից, «ամբողջովին հերքվել են»։

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին կոչ է արել պաշտոնապես ներողություն խնդրել MH17-ի զոհերի հարազատներից՝ նախորդ ապատեղեկատվության պատճառած ցավի և տառապանքի համար։

Վեհաժողովը նաև կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին առաջնահերթություն տալ վթարի զոհերի մերձավոր ազգականների հայտարարություններին՝ «հաշվի առնելով նրանց ինտենսիվ և շարունակական տառապանքը»:

Malaysia Airlines ավիաընկերության Ամստերդամ-Կուալա ԼումպուրMH17 չվերթի օդանավը խոցվել է 2014 թվականի հուլիսի 17-ին Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են։ Մահացածների մեծ մասը (196 մարդ) Նիդեռլանդների քաղաքացիներ են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.