Քիչ առաջ ԵԼՔ դաշինքի Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրեն զանգահարել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը եւ սպառնալիքներ ու հայհոյանքներ է հնչեցրել։
«Հենց նոր ինձ զանգել էր Շմայսը, ինչպես ինքը ներկայացավ, և փորձեց սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնել, ստացավ համարժեք պատասխան և ասացի՝ ինձ այլևս չզանգի։ Սա՞ է այն բռնությանը դեմ լինելը, որի մասին խոսում է Շարմազանովը և ՀՀԿ-ն»,- գրված է Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Մեր հարցերին պատասխանեց Ալեն Սիմոնյանը։
- Պարոն Սիմոնյան, ձեր ֆեյսբուքյան էջում գրառում եք կատարել, ու ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը զանգահարել է ձեզ եւ սպառնալիքներ ու հայհոյանքներ է հնչեցրել, ինչպիսի՞ սպառնալիքներ են եղել։
- Մոտավորապես ասել է՝ ինձ ճանաչում ե՞ս, արա համբալ, իմանունը չտաս, այս մակարդակի խոսակցություններ։
- Իսկ ինչո՞ւ է նա ձեզ զանգահարել, ի՞նչն է պատճառը։
- Ես ենթադրում եմ, որ սա Գոռ Վարդանյանի կազմակերպածն է, եւ բացի դա էլ, ես իմ խոսքի մեջ ասել եմ, որ նման գործելաոճը, որը բնորոշ է Շմայսին՝ նկատի ունենալով իր ԱԺ գործունեությունը, մեզ հարիր չէ։ Ենթադրում եմ, որ դա իրեն ինչ-որ ձեւով իմ ասած մարդը հասցրել է, եւ փորձում է իր՝ իմ հետ հակասությունը լուծել ուրիշի ձեռքերով։ Ես չեմ կարծում, թե Շմայսը այդքան խելք ունի, կամ այդքան բան է նայում։
- Իսկ կոնկրետ Առաքել Մովսիսյանի դեմ ինչ-որ մի քայլ եղե՞լ է ձեր կողմից։
- Չէ, խոսքիս մեջ ասել եմ, որ նման գործելաոճը, որը մենք տեսել ենք ԱԺ-ում նրա կողմից, ավագանիում անընդունելի է, բայց նորից եմ ասում, սա ավագանու դեպքի շարունակությունն է։
- Փաստորեն, նա եւ հայհոյել է, եւ վիրավորե՞լ է։
- Հա, վիրավորում էր, հայհոյում, բնականաբար իր պատասխանը ստացավ, համբալով։ Եւ վերջում, երբ իրեն ասեցի՝ էլ այստեղ չզանգես, ինքը, ենթադրում եմ՝ փորձեց ավելի ուժեղ երեւալ եւ դնելուց առաջ ինչ-որ հայհոյանքներ էր հնչեցնում, ես արդեն անջատում էի, բայց լսեցի՝ կոնկրետ ինչ էր ասում։ Ինքը կոնկրետ չի ասել, ես քեզ կսպանեմ, ես քեզ կծեծեմ, բայց այն փաստը, որ նա զանգահարում է եւ իմ գործունեության հետ կապված ինձ փորձում է սաստել, ես գնահատում եմ որպես սպառնալիք եւ ճնշման փորձ ինձ վրա։ Եթե առաջ չէի խոսում Առաքել Մովսիսյանի մասին, հիմա շատ եմ խոսելու մեր պատմության համար ցավալի այդ կերպարի մասին։
- Փաստորեն, սպառնալիքները հիմնականում վերացակա՞ն են եղել, հիմնականում հայհոյանքներ ե՞ն եղել։
- Ես քո սենցը, նենցը, այ էսինչ, սա վերացակա՞ն է։
- Նկատի ունեմ, կոնկրետ սպառնալիք չի՞ եղել, միայն հայհոյա՞նք։
- Անկեղծ ասած, կոնկրետ չի ասել՝ կտանեմ կսպանեմ, կծեծեմ, բայց կներեք սա սպառնալիք է, էլ սպառնալիքը ինչպե՞ս է լինում։ Պիտի պարտադիր ասեր, թե ի՞նչ գործողություն պիտի անի իմ հետ կապված, որ սպառնալիք համարվի։ Զանգում է ինձ, իմ գործունեության հետ կապված փորձում է սաստել, ինձ վիրավորում է, ինձ ասում է՝ դու կտենաս, մի քիչ էլ բնականաբար քաշվում է, որ կարող է հրապարակայնացվել:
Զանգահարեցինք նաեւ Առաքել Մովսիսյանին: Մեր հարցին՝ սպառնացե՞լ է արդյոք Ալեն Սիմոնյանին, Մովսիսյանը պատասխանեց. «Դավայ, չենք խոսում էդ թեմայով»։
Նիկոլայ Ավետիսյան
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com