ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզային քննչական վարչություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնումե ն ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով 3 վթարներից մանրամասներ:
Այսպես՝ 2022թ. հունիսի 06-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 137.7կմ հատվածում միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարած «Toyota» և Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի բնակչի կողմից վարած «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրասպորտային դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություններ, հարցաքննվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 26,8կմ հատվածի՝ դեպի Երևան տանող ուղեմասում «BMW X5 4.4I» մակնիշի ավտոմեքենան բախվել է «FORD TRANSIT 2,0 TD» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին և ընկել 300 մետր խորությամբ ձորը, որի հետևանքով վարորդը մահացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «BMW X5 4.4I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարել է՝ չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, համապատասխան սարքի միջոցով ստուգվել է «BMW X5 4.4I» մակնիշի ավտոմեքենայի վարորդի սթափության աստիճանը. համաձայն զննության արդյունքի՝ նրա մոտ ալկոհոլի պարունակությունը կազմել է՝ 0,9828 միլիգրամ, որը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ համարվում է ոչ սթափ վիճակ: Հավելենք, որ վերջինս չի լքել ավտոպատահարի վայրը, դեպքի մասին անձամբ ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն: