Պուտինը սպառնում է Ուկրաինայում «հարվածել այն թիրախներին, որոնք դեռևես հարվածների չեն ենթարկվել»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինան Արևմուտքից ստանա հեռահար հրթիռներ, ապա «Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռևես հարվածների չեն ենթարկվել»:

«Ռոսիա1-ին» տված հարցազրույցն առաջինն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուտսաստանի լայնածավալ հարձակումից հետո, որը Մոսկվայում անվանում են «հատուկ ռազմական գործողություն»: Նախօրեին «Ռոսիա-1» հեռուստակայանը սոսկ մեկ հատված է հեռարձակել հարցազրույցից, որն ամբողջությամբ այսօր կցուցադրվի:

Պուտինն իր այդ հնչեցրած սպառնալիքներով արձագանքել է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու Միացյալ Նահանգների որոշմանը:

Նա ասել է, թե այդ մատակարարման հարցում որևէ նոր բան չկա, քանի որ Ուկրաինան արդեն ունի խորհրդային արտադրության նման զինատեսակներ, սակայն եթե դրանց ավելացվեն հրթիռներ, որոնց հեռահարությունը 45-70 կիլոմետրից ավելին է, «ապա Ռուսաստանը եզրակացություններ կանի»:

Պուտինը չի հստակեցրել, թե Ուկրաինայում որ թիրախներին կարող է հարվածել ռուսական կողմը: Նրա խոսքով, «զենք տալով Ուկրաինային՝ Արևմուտքը փորձում է ձգձել այս հակամարտությունը»:

Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային տերամադրել HIMARS տեսակի (High Mobility Artillery Rocket System) բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ընդգծելով, որ Ուկրաինան այդ զենքով չպետք է հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքին:

Դրանց հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է, սական որոշ փոփոխությունների և համապատասխան զինամթերքի կիրառման դեպքում հեռահարությունը հնարավոր է հասցնել 300-500 կիլոմետրի:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.