Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիրեզերական արբանյակը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարևոր լուր ունեմ ձեզ փոխանցելու, 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիրեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիրեզերական արբանյակը։ Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական ընկերության համագործակցության արդյունքում։ Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն։ Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է ՀՀ-ում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ մինչև 2023 թվականի վերջը ՀՀ-ում կստեղծվի արբանյակային կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։

Նա հիշեցրեց, որ հաշվի առնելով այս հանգամանքը՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել և 2020 թվականի մարտի 6-ին ԱԺ կողմից ընդունվել էր Տիրեզերական գործունեության մասին ՀՀ օրենքը։ Սրանով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում լիցենզավորված ընեկերություններին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.