Ռուս դիվանագետի ընդվզումը․ Z նշանով խաչ քաշվեց Ռուսաստանի ապագայի վրա

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչության խորհրդական Բորիս Բոնդարևը 20 տարվա աշխատանքից հետո հրաժարական է տվել, տեղեկացնում է BBC-ն։ Նա հայտարարություն է հրապարակել, որում ասվում է․

«Ես տեսել եմ մեր արտաքին քաղաքականության տարբեր շրջադարձեր, բայց երբեք այնքան չեմ ամաչել իմ երկրի համար, որքան այս տարվա փետրվարի 24-ին»,- գրել է Բոնդարևը Linkedin-ի իր էջում։ «Պուտինի սանձազերծած ագրեսիվ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի, փաստացի արևմտյան աշխարհի դեմ, հանցագործություն է ոչ միայն ողջ ուկրաինացի ժողովրդի դեմ, այլև, թերևս, ամենածանր հանցագործությունն է Ռուսաստանի ժողովրդի դեմ, որը Z տառով խաչ քաշեց մեր երկրում բարեկեցիկ ժողովրդավարական հասարակության աստիճանական զարգացման բոլոր հույսերի վրա»,- ասել է դիվանագետը։

Դիվանագետի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն դադարել է զբաղվել իր անմիջական խնդիրներով եւ սկսել է «ծառայել մարդկանց նեղ շրջանակի»։ Նախարարությունում ստի և ոչ պրոֆեսիոնալիզմի մակարդակը, որն աստիճանաբար աճում է վերջին 20 տարիների ընթացքում, ձեռք է բերել «աղետալի մասշտաբներ», կարծում է Բոնդարևը։

Համակարգը ինքն իրեն խաբում է՝ «1930-ականների խորհրդային թերթերի ոգով» քարոզչական կաղապարներով։ «Նախարար Լավրովն այս համակարգի դեգրադացիայի լավ օրինակն է, որը 18 տարվա ընթացքում պրոֆեսիոնալ և կիրթ մտավորականից, ում հետ նախարարության շատ աշխատակիցներ ցանկանում էին հավասարվել, վերածվեց մարդու, ով անընդհատ հակասական հայտարարություններ է անում և սպառնում միջուկային զենքով»։ Բոնդարևը կարծում է, որ Ռուսաստանն այլևս դաշնակիցներ չունի, և ապագայում երկիրը գնալով ավելի է դեգրադացվելու և մեկուսանալու աշխարհից։ Դիվանագետը պետական ​​ծառայության ներկայիս պաշտոնը համեմատել է հայրենիքի դավաճանության հետ։

Բոնդարևը AP լրատվական գործակալությանը հեռախոսով հաստատել է, որ իր հրաժարականի նամակը հանձնել է դեսպան Գենադի Գատիլովին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.