Եթե Հայաստանից էլ նման հայտարարություն հնչեր

Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ Ուկրաինային առաջարկել են ինքնիշխանության հարցում զիջումների գնալ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքը «փրկելու» համար։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը, գրում են ուկրաինական զլմ-ները։

«Ընդհանուր առմամբ, ոչ միայն պարոն Մակրոնի, այլ նաև եվրոպական քաղաքական հանրության որոշ մարդկանց այս հայտարարությունները մի փոքր տարօրինակ են… Պարզ է, որ ուկրաինական հասարակությունը որևէ ձևով չի աջակցի նման պահանջներին, երկրորդ՝ ցանկացած զիջում Ռուսաստանին կնշանակի Մինսկ-3, հետևաբար՝ հետաձգված պատերազմ: Եվրոպայի քաղաքական վերնախավը պետք է հասկանա դա, երբ նրանք նման հայտարարություններ են անում: Եվ մենք որևէ ձևով դրան չենք համաձայնվի», ընդգծել է Պոդոլյակը:

Նրա խոսքով, ցանկացած զիջում Ռուսաստանին կհրահրի Ուկրաինային նոր պահանջներ առաջադրելու համար։ Եվրոպան պետք է «ավելի կոռեկտ» վերաբերվի, թե ինչպես պետք է ավարտվի այս պատերազմը։ «Դրանք չպետք է զիջումներ լինեն Ռուսաստանին, դրանք պետք է լինեն միայն Ուկրաինայի առաջնահերթությունները», ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Ուկրաինայի իշխանությունը հանդես է գալիս սեփական իրավունքների ու շահերի դիրքերից եւ երեք ամիս կռվում է դրա համար՝ անկախ պետականության պահպանման, ուկրաինացի ժողովրդի ապրելու իրավունքի համար։

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, եւ եթե չգնանք զիջումների, եթե հավատարիմ չմնանք ռուս-թուրքական «եռակողմ կարգավորմանը», մի խոսքով՝ եթե չհրաժարվենք մեր իրավունքներից ու պահանջներից, վտանգի տակ կհայտնվի Հայաստանի գոյությունը։ Հայաստանում այս օրերի ներքաղաքական դիմակայությունը պտտվում է եռակողմ հայտարարությունն «ավելի արժանապատիվ իրականացնելու» եւ Պուտինի դեմքն ավելի եռանդուն պահելու շուրջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am