Ֆինլանդիայի նախագահին զարմացրել է Պուտինի արձագանքը

Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա վկայում է, որ Կրեմլը կարող է հարձակվել հարեւան երկրի վրա․ այսպես է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն բացատրել ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի որոշումը, հայտնում է CNN-ը։

Նա հույս է հայտնել, որ Պուտինը չի հարձակվի իր երկրի վրա։ «Չնայած ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ֆինլանդիայի վրա հիմա կամ ապագայում, սակայն քաղաքական լանդշաֆտը Եվրոպայում և աշխարհում տեղ չի թողնում չեզոք երկրների համար», ասել է Նիինիստեն:

Հեռախոսազրույցում Պուտինին հայտնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի որոշման մասին՝ Նիինիստեն ասել է, որ զարմացել է ՌԴ նախագահի հանգիստ արձագանքից։

«Իրականում անակնկալ էր, որ նա այդքան հանգիստ ընդունեց… Բայց անվտանգության քաղաքականության մեջ, հատկապես Ռուսաստանի հետ խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ նրա ասածը չի նշանակում, որ պետք չէ զգոն լինել։ Առայժմ կարծես թե անմիջական խնդիրներ չկան», ասել է Ֆինլանդիայի նախագահը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.