Lragir.am-ը գրում է. Telegram-ում լուրեր են տարածվել, որ Ղազախստանը նախաձեռնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց «Ռուսաստանի հետ չլուծված տարաձայնությունների» պատճառով։ Այս լուրերը հերքել է Առևտրի և ինտեգրման նախարարությունը։ Երկրի ԱԳՆ-ն նույնպես հերքել է այս պնդումները։
Ղազախստանի ենթադրյալ մտադրության մասին տեղեկություն էր տարածել «Ստամբուլի գայլ» տելեգրամ ալիքը։ Այն, որ նման միտում կա, ակնհայտ է այս պետության տնտեսական քաղաքականությունից, որն ամբողջությամբ իրականացնում է հակառուսական պատժամիջոցները, ասվում է ալիքի հաղորդագրությունում։
Մարտի վերջին Ղազախստանում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ պահանջներ հնչեցին։ Տեղական փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից և պատժամիջոցներից հետո Ղազախստանի անդամակցությունն այս ամիությանն էականորեն ազդում է երկրի տնտեսության վրա։
Ղազախստանի դուրս գալու հավանականության հարցը տրվել է նաև Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովին։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև ապրիլի 28-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԵԱՏՄ մաքսային միությունից Ղազախստանի հնարավոր դուրս գալու հարցը չի քննարկվել»,- ասել է Պեսկովը։
Պրոռուսական բլոկներին Ղազախստանի անդամակցության հարցը քննարկման առարկա դարձավ հունվարյան արյունալի իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանն արագ զորք մտցրեց ՀԱՊԿ ցուցանակի ներքո եւ նույնքան արագ էլ դուրս բերեց զորքը Չինաստանի և Թուրքիայի պահանջով։
Տոկաևը պետական այցով Թուրքիայում է, որտեղ մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու թուրք-ղազախական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։