Երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ.

Քաղաքական տարբեր ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումների ժամանակ նախանշվում է մի հետաքրքիր օրինաչափություն. կուսակցության ղեկավարները բացակայում են այդ հանդիպումներից: Նախ այդպես եղավ «Ծառուկյան» դաշինքի հետ տեսակցելու ժամանակ. Գագիկ Ծառուկյանը չկար: Հետո նույնը կատարվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ հանդիպմանը: ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, որի նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը վարչապետ էր, այդ հանդիպմանը չի մասնակցել: Իսկ այսօր էլ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածուի հետ, որի ժամանակ բացակայել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Առաջին տպավորությունը, որ կարելի է ստանալ այս բացակայություններից, ակնհայտ խուսափողականությունն է, ինչը մի դեպքում կարող է գնահատվել որպես սովորական արհամարհանք, մեկ այլ դեպքում` անձնային հարաբերություններում առկա կոնֆլիկտների հետևանք: Երկուսի պարագայում էլ երևույթը տգեղ է և ստվերում է Արմեն Սարգսյանին կամ, ավելի ճիշտ, նրա ապագա կարգավիճակը:

Մյուս կողմից էլ՝ կա հետաքրքիր մի մոտեցում: Ծառուկյանն ասել է, որ ինքը մոտ օրերս առանձին հանդիպում կունենա Սարգսյանի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկել է, որ արդեն տեսակցել է թեկնածուի հետ: Իսկ Սարգսյանն իր հերթին չի բացառել իր հանդիպումները նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ: Ստացվում է, որ երբ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում սարի մոտ: Բայց ամեն դեպքում երևույթն ունի իր անբնական նրբերանգները, ինչը ոչ այնքան ինտրիգային է, որքան չեղած տեղում անհարկի բարդություններ հրահրելու անիմաստություն, երբ արարքը ոչ բացատրություն ունի, ոչ նշանակություն, ոչ էլ էական նպատակ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shame.am