Թուրքական կողմը հասկանում է, որ Ռուսաստանի տապալումից հետո տեղի է ունենալու տարածաշրջանում ապօրինի գծված սահմանների վերանայում

Lragir.am-ը գրում է.  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը, նշել է, որ հայ-թուրքական սահմանի հստակեցման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Թուրքիան շտապում է և Ռուսաստանի հետ Հայաստանի վրա ճնշում է իրականացնում, որպեսզի Հայաստանը վերջնականապես ճանաչի Մոսկվայի ապօրինի պայմանագրով գծված հայ-թուրքական սահմանը:

Թուրքական կողմը շատ լավ հասկանում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի տապալումից հետո և նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում և այնուհետ տեղի է ունենալու տարածաշրջանում ապօրինի գծված սահմանների վերանայում, և Թուրքիան դեմ առ դեմ կանգնելու է Վիլսոնյան տարածաշրջանային ճարտարապետության առջև:

Ռուսաստանն էլ իր հերթին նախընտրում է իր հեռանալու դեպքում տարածաշրջանը հանձնել Թուրքիային, քան Արևմուտքին: Ապագայում Ռուսաստանի վերադառնալու դեպքում Թուրքիայից հնարավոր կլինի վերագրավել տարածաշրջանը, իսկ Արևմուտքից` ոչ:

Ի հեճուկս Կրեմլի Հայաստանը կուլ տալու ակտիվացող քայլերին,այդ թվում` Հայաստանի իր խամաճիկների ձեռքով, Վաշինկտոնի նախաձեռնությամբ, և ինչու ոչ`ճնշմամբ, նախօրեին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գործուղվել է ԱՄՆ և հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` պետքարտուղար Բլինքենի հետ, որը հանդիպման ժամանակ հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը դառնալ Հայաստանի համար վստահելի գործընկեր: Բլինքենի խոսքն այսօր մեջբերել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Մեջբերում` «Շատ ու շատ առումներով այսօր մարտահրավերներով լեցուն ժամանակներ են: Մարտահրավերներ են ծառացած նաև Հայաստանի առաջ, բայց իմացեք, որ դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր՝ ի դեմս Միացյալ Նահանգների»:

Չավուշօղլույի վերը նշված հայտարարությունից հետո և Հայաստանյան ԱԳՆ պատվիրակության ԱՄՆ այցի ժամանակ, Հայաստանի ԱԳՆ պաշտոնապես հերքել է թուրք նախարարի հայտարարությունը, նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերագծման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան. Դա օրակարգում չկա։

Կարող ենք փաստել, որ ի հեճուկս Հայաստանյան խամաճիկ իշխանություների կողմից առաջ բերված, Հայաստանի համար կործանարար` այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» օրակարգը և Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումների` ԱՄՆ տորպեդահարում է Մոսկովյան պայմանագրի լեգիտիմացումը և խոչընդոտում է թուրք-ռուսական ծրագրերին, դրանով իսկ արգելափակելով Թուրքիայի գերտերություն դառնալու և Մեծ թուրանի ստեղծման ծրագրերը:

Մոտակա ամիսներին Ռուսաստանն ավելի ու ավելի կկորցնի իր ազդեցությունը Հայաստանում, և հայ ժողովուրդը ևս մի պատմական հնարավորություն կունենա մերժելով խամաճիկ իշխանություններին և այսպես կոչված խորհրդարանական խամաճիկ ընդդիմությանը` ստեղծել նոր որակի ինքնիշխան ազգային-ժողովրդավարական պետականություն և դառնալով սուբյեկտ` մաս կազմել նոր աշխարհակարգի կառուցմանը: Մանրամասները սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.