Մայր Աթոռը պաշտոնապես հաստատում է հոգևորականների մասնակցությունն ընդդիմության այսօրվա հանրահավաքին

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի պատասխանատու տեր Եսայի քահանան անդրադարձել է ընդդիմության այսօրվա հանրահավաքին քահանաների մասնակցությաան մասին լուրերին՝ գրելով․

«Ի պատասխան հանրահավաքին հոգևորականների մասնակցության հարցերին։

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան ցանկանում եմ ընդհանրացված տեղեկացնել հետևյալը։

Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար:

Մայր Աթոռը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց:

Աղոթում ենք Հայաստան և Արցախ մեր հայրենիքի ապահովության ու անվտանգության, մեր ժողովրդի բարօր կյանքի համար»։

Նշենք, որ նախկինում Հայ Առաքելական եկեղեցին երբևէ պաշտոնապես չի մասնակցել որևէ հանրահավաքի, մասնակցել են անհատ քահանաներ։

Հիշեցնենք նաև, որ երեկ լուրեր էին տարածվել, որ ընդդիմությունը այսօրվա  ցույցին քահանաների է հրավիրելու և նրանց թիկունքում թաքնված բախումներ է հրահրելու ոստիկանության հետ՝ փորձելով նոր «Մարտի 1» կազմակերպել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.