Արմեն Ռուստամյանի զավեշտալի հայտարարությունը

Ես կարծում եմ, որ պաշտոնական եւ հրապարակված փաստաթուղթն ավելի մեծ կշիռ ունի (նկատի ունի Պուտին-Փաշինյան հայտարարությունը)։ Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը երկու առումով տարբերվում է Բրյուսելում արված հայտարարություններից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» շուրջ ընթացող գործընթացները, որոնք նախատեսում են ստորագրել Հայաստանն ու Ադրբեջանը։ Բրյուսելում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ հիշատակում չկար։

Իսկ այստեղ, ինչպես նշեց ընդդիմադիրը, ամեն ինչ այլ է։ «Այստեղ Ղարաբաղի մասին առնվազն խոսք կա։ Այնտեղ շեշտը դրվում էր «Խաղաղության համաձայնագրի» իրականացման եւ դրան հաջորդող քայլերի վրա։ Այստեղ նման շեշտադրում չկա։ Ուստի բնական է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում է այն, ինչն ըստ էության պետք է լինի։ Այս ամենը մակերեւույթին է, եւ նա չի կարող պարզապես վերցնել ու անտեսել ամեն ինչ: Այս ամենին նպաստել է հենց հայկական կողմը», ասել է Արմեն Ռուստամյանը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, նրա խոսքով, պարզապես չի կարող հանդես գալ այն պայմանավորվածությունների դեմ, որոնք ձեռք են բերվել երկու կողմերի միջեւ։ «Սա դիվանագիտության այբուբենն է։ Այսինքն՝ նա փաստացի հայտարարել է, որ Մոսկվան կաջակցի երկու կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին», ասել է Ռուստամյանը։

Սա է Արցախի փրկության շարժում հայտարարած ռուսանպաստ ուժերի «քաղաքական այբուբենը», այն էլ՝ վատ սերտած։ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանից այս ծավալուն մեջբերումը լավագույնս է բնորոշում այդ հանգամանքը։

Հիշվում է, երբ ռուսանպաստ ուժերը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո շարժում հռչակեցին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը անվանելով դավաճանական, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը սաստեց նրանց եւ անվանեց ազգայնականներ եւ այլ բաներ, ովքեր վարկաբեկում են եռակողմ հայտարարությունը եւ ռուսական կողմի ջանքերը։ Այդ ժամանակ Արմեն Ռուստամյանն Ազատության հրապարակից մեղա եկավ Լավրովի առաջ, թե՝ մենք հո ձեզ չենք դավաճան ասում, ձեզ միշտ հավատարիմ ծառայել ենք, ինչի՞ եք մեզ քննադատում։

Կարեւորը՝ Պուտինը, Լավրով-Զախարովան ճիշտ լինեն, եւ ինչ արվում է՝ Մոսկվայի տակ արվի՝ խաղաղության պայմանագիրն էլ, հայ-թուրքականն էլ։ Երեւում է՝ ինչպես ժամանակին ռուսանպաստ ուժերի շարժումը նպաստեց Պուտին-Փաշինյան-Ալիեւ հակահայ ծրագրերի անշրջելիությանը, ներկայիս շարժումն էլ ծառայելու է դրանք ավարտին հասցնելուն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am