Ես ինձ այլևս չեմ պատկերացնում Ազգային ժողովի իմ աշխատասենյակում կամ նիստերի դահլիճում նստած․ Վանեցյան

Ընդդիմության նպատակը մեկն է` ընտրել ամենաճիշտ ճանապարհը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար. հենց ընտրվեց այդ ճանապարհը, ապա ողջ ընդդիմադիր դաշտը գնալու է այդ ճանապարհով, իսկ այդ մեկ ճանապարհը ընտրվելու է հենց Ազատության հրապարակում, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ես ինձ այլևս չեմ պատկերացնում Ազգային ժողովի իմ աշխատասենյակում կամ նիստերի դահլիճում նստած: Նստեմ, որ ում հետ խոսեմ, մարդկանց հետ, որոնք ասում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, թե՞ մարդկանց հետ, որոնք ասում են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ: Մեր դարավոր թշնամուն, որը մեզ ամենադաժան ձևով ցեղասպանել է, ներում են այդ մարդիկ»,- ասաց Վանեցյանը` նշելով, որ մարդկանց Ազատության հրապարակ է հրավիրում նրանց իրավիճակը բացատրելու համար:

Նրա խոսքով՝ եթե նախկինում մարդիկ մեղադրում էին ընդդիմությանը գործողություններ չանելու մեջ, ապա եկել է պահը, որ եթե Ազատության հրապարակում ամեն օր հավաքվի ամեն օր շատացող բազմություն, շատ կարճ ժամանակում հասնելու են իշխանափոխության:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Հրապարակից բերման է ենթարկվել 4 անձ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.