ՌԴ ԱԳՆ-ն ասել է, թե ինչու թույլ չեն տվել հայ պատգամավորների մուտքն Արցախ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուս խաղաղապահների կողմից հայ պատգամավորների մուտքը Արցախ թույլ չտալու վերաբերյալ հարցը։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ», ըստ news.am-ի՝ ասել է նա։

Միեւնույն ժամանակ, նա քննադատել է այն հայտարարությունները, ըստ որոնց՝ խաղաղապահ զորախումբն այդպիսով խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ «Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԽԶ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակը լրացուցիչ սրող քայլերից»։

ՌԴ ԱԳՆ-ն այսպիսով պաշտոնապես ստանձնում է պատասխանատվությունը կատարվածի կապակցությամբ, մյուս կողմից ինչպես բոլոր նմանատիպ ու այլ իրավիճակներում, կրկին հաստատում, որ նոյեմբերի 9-ի դրույթների կատարումը չի վերաբերում հայկական կողմին, հայկական կողմի դեմ կատարվող խախտումները խախտումներ չեն։ Ավելին, նա փաստորեն սպառնալիքներ է տեղում հայկական կողմի ուղղությամբ։ Լաչինի միջանցքում շատ ավելի կարեւոր բան է տեղի ունեցել, քան պարզապես պատգամավորների մուտքը թույլ չտալը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.