«Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է...». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից այսօր ԱԺ-ում հնչեցրած մտքերին

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և  մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս:

Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես  երբեք չեմ բանակցել  Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:  Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան: Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի  փուլերով: Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:

Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.