Փաշինյանն ասել է, թե ինչում է իրեն մեղավոր համարում

«Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի և թե պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաեւ դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում եմ մեղքը, բայց չեմ ընդունում մեղադրանքը։ Եվ թերեւս բոլոր՝ թե քաղաքական, թե բարոյական, թե ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ: Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ 2018- 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում: Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարներն ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ սա չանելն է իր իրական մեղքը, և մեղադրանքի նման ձևակերպումն ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ։ «Ընդհակառակը՝ դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եվ թերևս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է՝ դա ավելին է քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է: Իրավիճակի բարդությունն այն է, որ սրանով պատմությունը  չի ավարտվում, որովհետև մի հարց է ժամանակին հանրության, ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը և երրորդ հարցը՝ այդ ամենը կյանքի կոչելը: Որպեզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եվ ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել: Իսկ ինչու՞ չկարողացա համոզել, այն նույն պատճառով, ինչ պատճառով մինչև օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ և այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձեւակերպել հետևյալ կերպ՝ «Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե Կովսական»։ Այն նույն պատճառով, որ Արցախի և Հայաստանի մի շարք խորհրդարանական գործընկերներ մինչև օրս Արցախի տարածքային ամբողջականության մասին խոսելով հաճախ նկատի են ունենում ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլև 7 շրջանները, որոնք Արցախի օրենսդրությամբ մինչև օրս էլ  համարվում են Արցախի հանրապետության մաս»,- ասաց նա։

«Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ 25 տարի մենք Հայաստանի հանրությանն ասել ենք, թե բոլոր զրկանքները, որ կրել ենք և կրում ենք՝ ունի մի մեծ նպատակ և այդ նպատակը Արցախի ազատությունն է: Բոլոր զրկանքները, որ մենք կրում ենք հանուն հզոր բանակ ունենալու է, և դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցված բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը: Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև աշխարհքաղաքական կենտրոններն ընդհանուր առմամբ նույն ուղղությամբ էին մտածում, այն իմաստով, որ բոլորն էլ աներկբա ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայցևայնպես միակամ եւ միասնական չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով։ Եվ այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, ի վերջո Լեռնային Ղարաբաղում միանշանակորեն հանգեցնելու էին պայթյունի: Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ, և որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի: Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ և լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը։ Նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով՝ ես չկարողացա սա խոստովանել ինքս ինձ ու առավելևս չէի կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ բովանդակային առումով նույն իրավիճակն է հիմա, և ինքը չի ուզում նույն սխալները կրկնել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.