«Ռուս խաղաղապահներն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ». Գեղամ Մանուկյան

Ռուս խաղաղապահները Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները Հայաստանի խորհրդարանի երկու` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացնող պատգամավորներին չեն բացատրել Արցախ մուտքն արգելելու պատճառները։

«Ուղղակի մեր մուտքը ռուս խաղաղապահներն արգելել են, հատուկ ցուցակ էր տրված նրանց:

Բայց մինչև հասնելը ռուս խաղաղապահներին, ճանապարհին ևս մեկ արտառոց դեպք արձանագրեցինք, որ Տեղ գյուղում` հայկական անցակետում սահմանապահ զինվորականներն ուղղակի պատգամավորների բոլոր անձնական տվյալները` անձնագրային տվյալները, ծննդյան ամսաթիվ, թիվ, տարեթիվ, ամբողջությամբ ճշգրտում էին` ենթադրաբար արձանագրելով, թե կոնկրետ որ պատգամավորներն են մեկնում Արցախ, և դրանից կարճ ժամանակ հետո արդեն ռուս խաղաղապահները նույն անուն-ազգանուններով, նույնիսկ հայրանունները անգիր հիշելով, ճշտում էին և ասացին, որ մեր մուտքն արգելված է», – մանրամասնեց ընդդիմադիր պատգամավորը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.